Ըստ ՀԱՍԵ փաստացի պետի կողմից 2000թ. հաստատված «Նախաշավիղ»
կանոնադրության 13-րդ հոդվածի՝ Կաթողիկոսը «տերն է ու միակ պատասխանատուն Մայր Աթոռի
կալվածքների, անշարժ և շարժական բոլոր հարստությունների»։ Նույն հոդվածով սահմանված
է, որ «որևէ կալվածական գործողություն, վճարում, գանձում և դրամական որևէ գործառնություն
կատարվում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի ստորագրությամբ և կնիքով միայն»։ Այս կանոնադրությունը
Ազգային-Եկեղեցական ժողովը երբևէ չի վավերացրել։
Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի հրապարակած զեկույցում
արձանագրված է, որ վերահսկողության մեխանիզմն ինքնին կառուցված է վերահսկվողի շուրջ։
Մայր Աթոռի տնտեսական գործունեությունը վերահսկող Վերստուգիչ հանձնաժողովի կազմը նշանակում
է Կաթողիկոսը (հոդված 33)։ Եկեղեցու տնտեսական վիճակի նկատմամբ իրավասություն ունեցող
միակ մարմինը՝ ԱԵԺ-ն, 1999 թվականից ի վեր չի գումարվել։
Եկամուտների կառուցվածքի մասին պատկերացում տալիս է ինքը՝ Մայր
Աթոռը։ 2024թ. մայիսին Վերստուգիչ հանձնախմբի ատենապետ Արարատ եպիսկոպոս Գալթագճյանը
հայտարարեց, որ մոմի և պարագաների վաճառքից ստացված եկամուտը փակում է ծախսերի ընդամենը
10-15 տոկոսը։ Մնացածը ֆինանսավորվում է նվիրատվությունների և հանգանակությունների
հաշվին, որոնք օրենքով հարկվող եկամուտ չեն համարվում։ Եպիսկոպոսի խոսքով՝ դրանց մասին
հաշվետվությունները ներկայացվում են նվիրատուներին, ոչ թե հանրությանը։
Զեկույցում ներկայացված են նաև հետևյալ փաստերը.
•
Կառավարության
առաջարկը. 2024թ. մայիսին Կառավարությունը
Եկեղեցուն առաջարկեց ներդնել հարկային հաշվառում և պարտավորվեց հավաքագրված հարկերն
ամբողջությամբ վերադարձնել Եկեղեցուն։ Մայր Աթոռի պաշտոնական արձագանքում առաջարկի
մերժման հիմքերը չեն պարզաբանվել։ 2026թ. ապրիլին վարչապետը կրկնեց առաջարկը։
•
Հարկային պահանջը. 2026թ. Մայր Աթոռին ներկայացվեց շուրջ 220 միլիոն դրամի հարկային
պահանջ, և այն վճարվեց։ Փաստը հաստատել է Մայր Աթոռի տեղեկատվական կենտրոնի
ղեկավարը։
•
Swiss Leaks. Հետաքննող
լրագրողների միջազգային կոնսորցիումի (ICIJ) 2015թ. հետաքննության համաձայն՝ շվեյցարական
HSBC բանկում «His Holiness Karekin II Nersis» անվամբ հաշվին 2006-2007թթ. եղել է
1,1 միլիոն դոլար։ Մայր Աթոռի խոսնակը հայտարարել է, որ հաշիվը բացվել է բարեգործական
նպատակներով։ Եկեղեցին հրապարակային ֆինանսական հաշվետվություններ չի հրապարակում,
ուստի նման միջոցների տնօրինումը հանրության համար ստուգելի չէ։
•
Թեմերի գույքը. Թեմերի
գույքը կենտրոնացվել է Մայր Աթոռի տնօրինության ներքո, և բարերարների գումարները թեմերին
հասնում են միայն Մայր Աթոռի հաշվի միջոցով։
Այս համակարգի
պայմաններում խիստ անհավասար է նաև հոգևորականների վիճակը։ Թեմերում ծառայող քահանաները,
ըստ իրենց իսկ վկայությունների, աշխատավարձ չեն ստանում։ Հանրային դրամահավաքներ են
կազմակերպվում հոգևորականների և նրանց երեխաների բուժման համար։
«Հայաստանյայց
Առաքելական Սուրբ Եկեղեցու փաստացի պետի և մի շարք բարձրաստիճան հոգևորականների գործունեության
արդյունքում Եկեղեցում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցն առաջարկում
է իրականացնել Եկեղեցու գույքի լիարժեք գույքագրում և անկախ աուդիտ։ Առաջարկվում է
նաև ստեղծել ընտրովի վերստուգիչ մարմին, որը պարտադիր կհրապարակի տարեկան հաշվետվություն։