ԱԲ ոլորտում ներդրումային հետաքրքրություն. Ավստրիայի արքհերցոգը առաջիկայում նախատեսում է այցելել Հայաստան

ԱՄՆ-ում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նարեկ Մկրտչյանը Վաշինգտոնի «NED’s Club»-ում հյուրընկալել է Հաբսբուրգ-Լոթարինգյան տան տոսկանյան ճյուղի ներկայացուցիչ, Նորին Կայսերական և Թագավորական Բարձրություն, Ավստրիայի արքհերցոգ և Տոսկանայի արքայազն Շանդոր Հաբսբուրգ-Լոթրինգենին։ Այս մասին դեսպանը հայտնել է սոցիալական ցանցի իր էջում։


Հանդիպման ընթացքում քննարկվել են պատմությանը, դիվանագիտությանը և բիզնեսի միջոցով ժողովուրդների միջև կամուրջներ կառուցելուն առնչվող հարցեր։ Դեսպանն ընդգծել է, որ արքայազն Շանդորը ներդրումային մեծ հետաքրքրություններ ունի արհեստական բանականության ոլորտում և առաջիկայում նախատեսում է այցելել Հայաստան։