Ներքին գործերի նախարարության elections.mia.gov.am հարթակում հրապարակված են հոկտեմբերի 25-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընտրողների տվյալները՝ որոնման և բեռնման հնարավորությամբ։
Մասնավորապես՝
Արագածոտնի մարզի Շամիրամ համայնքներում ընտրելու իրավունք ունեցող անձինք կարող են որոնել իրենց տվյալները elections.mia.gov.am հարթակում և ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի ՀՀ ընտրողների ռեգիստր բաժնում (elections.am):
Ընտրացուցակները պարունակում են՝ ընտրողի անհատական տվյալներ, հաշվառման հասցե, քվեարկության օր, քվեարկության ժամանակ, ընտրողի ընտրական տեղամասի համար, տեղամասային կենտրոնի հասցե:
Ուշադրություն․ եթե Ձեր անունը չեք գտել ընտրողների նախնական ցուցակներում, ապա սեպտեմբերի 15-ից մինչև հոկտեմբերի 13-ը՝ ժամը 14:00-ն, կարող եք մոտենալ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարածքային գրասենյակ և ներկայացնել դիմում վերջնական ցուցակներում ընդգրկվելու համար, իսկ հոկտեմբերի 20-ից մինչև հոկտեմբերի 25-ի ժամը 20:00-ն՝ քվեարկության օրվա ավարտը, համապատասխան տեղեկանք ստանալու համար կարող եք մոտենալ տարածքային գրասենյակ, որպեսզի ընդգրկվեք քվեարկության օրը կազմվող լրացուցիչ ցուցակներում։
Ձեր ընտրատեղամասը նախապես ճշտելը կօգնի ընտրության օրը գործընթացը կազմակերպել առավել արագ, սահուն և հարմարավետ։
Համաձայն «ՀՀ ընտրական օրենսգրքում» հուլիսի 3-ին կատարված փոփոխությունների և լրացումների՝
Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ ընտրելու իրավունք ունեն քվեարկության օրը 18 տարին լրացած՝ ընտրությունն անցկացվող համայնքի բնակչության ռեգիստրում մինչև քվեարկության օրն առնվազն վեց ամսվա հաշվառում ունեցող, քվեարկության օրվան նախորդող 48-րդ օրվա դրությամբ համապատասխանաբար դրան նախորդող 730 օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունում փաստացի 366 և ավելի օր գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները։