ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարությունը քաղաքացիներին հիշեցնում է, որ Սահմանամերձ և առանձին բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի կարևոր պահանջներից է, որ վարկային պայմանագրի կնքման օրվանից՝ 3 տարվա ընթացքում, շահառուն ներկայացնի ավարտական ակտ:
Ավարտական ակտը չներկայացնելու դեպքում ֆինանսական կազմակերպության՝ փաստացի տրամադրած գումարները ենթակա են վերադարձման պետությանը։
«Ուստի հորդորում ենք խստորեն հետևել ծրագրի պահանջներին՝ հետագայում աջակցության գումարների վերադարձի խնդրից խուսափելու համար։
2026 թվականի ընթացքում ավարտական ակտը ներկայացնելու պահանջը վերաբերում է այն շահառուներին, որոնք հիփոթեքային վարկը ստացել են 2023 թվականին։ Սեպտեմբերի 9-ի դրությամբ ծրագրի շահառուի կարգավիճակ է ստացել 3361 ընտանիք, որից 3183-ն արդեն վարկավորվել է, իսկ 478-ը ներկայացրել է ավարտական ակտ։
Ծրագրի մանրամասներին, բնակավայրերի ցանկին և սահմանված քվոտաներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ: