Մայրապետյանին պատկանող գույքի բռնագանձման՝ Հակակոռուպցիոն դատարանի վճիռը բեկանվել է. նոր քննություն կլինի

Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Աբովյան 10 հասցեում գտնվող գույքի վրա բռնագանձում տարածելու պահանջով դատախազության հայցը մերժելու մասին Հակակոռուպցիոն դատարանի՝ 2026 թվականի փետրվարի 27-ի վճիռը։


Գլխավոր դատախազությունը 2025 թվականի ապրիլի 30-ին հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան ընդդեմ «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊ ընկերության (հիմնադիրներ՝ Սամվել Մայրապետյան և նրա կին՝ Գոհար Քյալյան)՝ վերջինիս սեփականության իրավունքով պատկանող, Երևան քաղաքի Աբովյան 10 հասցեում գտնվող անշարժ գույքի վրա բռնագանձում տարածելու պահանջով:


Հայցի հիմքում դրվել էր այն հանգամանքը, որ գնորդի համար սահմանված պայմանագիրն ուժի մեջ մտնելուց հետո՝ 2 տարվա ընթացքում, գույքի հիմնական վերանորոգման և վերականգնման նպատակով 150 մլն դրամի ներդրման պարտականությունը չէր կատարվել:


Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի մայիսի 14-ի որոշմամբ՝ հայցադիմումը վարույթ ընդունելը մերժվել էր այն հիմնավորմամբ, որ վեճը ենթակա է քննության վարչական դատավարության կարգով:


Գլխավոր դատախազությունը Հակակոռուպցիոն դատարանի վերոնշյալ որոշման դեմ 2025 թվականի մայիսի 22-ին ներկայացրել էր վերաքննիչ բողոք:


Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանը 2025 թվականի հունիսի 26-ի որոշմամբ Գլխավոր դատախազության վերաքննիչ բողոքը մերժել էր՝ Հակակոռուպցիոն դատարանի՝ «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» 2025 թվականի մայիսի 14-ի որոշումը թողնելով օրինական ուժի մեջ:


«Գլխավոր դատախազությունը 2025 թվականի հուլիսի 4-ին հայցադիմում էր ներկայացրել Վարչական դատարան ընդդեմ «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊ ընկերության՝ «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող, Երևան քաղաքի Աբովյան 10 հասցեում գտնվող անշարժ գույքի վրա բռնագանձում տարածելու պահանջով:

Վարչական դատարանը 2025 թվականի հուլիսի 18-ի որոշմամբ եզրահանգել էր, որ վեճը չի բխում հանրային իրավահարաբերություններից, քանի որ առկա են պայմանագրից բխող քաղաքացիաիրավական հարաբերություններ, հետևաբար գործն ընդդատյա չէ Վարչական դատարանին. ներկայացված հայցադիմումը վերահասցեագրվել էր Հակակոռուպցիոն դատարան:


Հակակոռուպցիոն դատարանը 2025 թվականի օգոստոսի 1-ի որոշմամբ՝ գործն ուղարկել էր Վճռաբեկ դատարան՝ գործի ենթակայությունը որոշելու նպատակով:


Վճռաբեկ դատարանը 2025 թվականի օգոստոսի 14-ի՝ «Գործի ենթակայության վերաբերյալ վեճը լուծելու մասին» որոշմամբ գտել էր, որ վերոնշյալ գործը ենթակա է Հակակոռուպցիոն դատարանին:


Հակակոռուպցիոն դատարանի՝ 2026 թվականի փետրվարի 27-ի վճռով ՀՀ գլխավոր դատախազության հայցը մերժվել էր հայցային վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով։


Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը 2026 թվականի հոկտեմբերի 20-ի որոշմամբ Գլխավոր դատախազության վերաքննիչ բողոքը բավարարել է։ Դատարանը հիմնավոր է համարել դատախազության դիրքորոշումը՝ հայցային վաղեմության ժամկետի մեկնարկի սկիզբը հենց դատախազության իրազեկման պահը համարելու մասին՝ այն պատճառաբանությամբ, որ դատախազը հանդես է գալիս պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու՝ օրենքով նախատեսված ինքնուրույն լիազորությամբ և չի գործում որևէ մարմնի անունից կամ փոխարեն։ Այսինքն՝ առաջնային իրավասություն ունեցող մարմնի կողմից համապատասխան հայցի չհարուցելը հիմք է դատախազի հայց հարուցելու բացառիկ լիազորության ծագման համար, սակայն դա չի հանգեցնում դատախազի կողմից այդ մարմնի դատավարական կարգավիճակի ստանձնմանը, քանի որ դատախազության դատավարական կարգավիճակը բխում է անմիջականորեն օրենքով իրեն վերապահված պետության կամ համայնքի գույքային շահերի պաշտպանության հայց հարուցելու բացառիկ լիազորությունից:


Այսպիսով, գործն ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան՝ նոր քննության։


Հիշեցնենք, որ դատախազի հաղորդման հիման վրա Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) (2 դրվագ) և 315-րդ հոդվածի 2-րդ մասով (պետական կամ համայնքային uեփականություն հանդիսացող հողամաuերի ինքնակամ զավթումը, ինչպես նաև շենքերի և շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելը) (2 դրվագ): Մեղադրանք է առաջադրվել տվյալ ժամանակահատվածում ՀՀ պետական գույքի կառավարման վարչության պետ Կ. Կ.-ին»,- ասվում է դատախազության հաղորդագրության մեջ։