Հովհաննես Յուքինյանը՝ ԿԳՄՍ նախարարի մամուլի քարտուղար. նա սովորել է Ժնևի և Պորտուգալիայի համալսարաններում

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի մամուլի քարտուղար է նշանակվել Հովհաննես Յուքինյանը։


Հովհաննես Յուքինյանն այդ մասին հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման միջոցով։


Կենսագրություն


Հովհաննես Յուքինյանը բարձրագույն կրթությունը ստացել է Երևանի պետական համալսարանում՝ սովորելով Հանրային կառավարման ֆակուլտետում՝ 2023 թվականին ստանալով բակալավրի աստիճան։ Ուսումնառության ընթացքում մասնակցել է նաև միջազգային կրթական ծրագրերի։


2022-2023 թվականներին Էրազմուս+ ծրագրի շրջանակում սովորել է Պորտուգալիայի Էվորայի համալսարանում՝ ուսումնասիրելով միջազգային հարաբերություններ։ 2023-2024 թվականներին սովորել է Տալլինի Տեխնոլոգիական համալսարանում (TalTech, Էստոնիա)՝ ուսումնասիրելով էլեկտրոնային կառավարման տեխնոլոգիաներն ու ծառայությունները։


Նույն ժամանակահատվածում սովորել է Ժնևի համալսարանում (Շվեյցարիա) «Համաշխարհային կառավարում» կրթական ծրագրի շրջանակում։


2024-2025 թվականներին կրթությունը շարունակել է Էստոնիայի Դիվանագիտական դպրոցում (Estonian School of Diplomacy), որտեղ մասնագիտացել է դիվանագիտության ոլորտում։


Հովհաննես Յուքինյանը մասնագիտական գործունեությունը սկսել է լրագրության ոլորտում։


2021-2022 թվականներին աշխատել է Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունում որպես լրագրող-խմբագիր։


2023 թվականին Հովհաննես Յուքինյանը պրակտիկա է անցել Ազգային ժողովում։ Նույն ժամանակահատվածում աշխատել է Ազգային ժողովրդավարության ինստիտուտում (National Democratic Institute-NDI) որպես խորհրդարանական փորձագետ:


2023 թվականին մասնակցել է Կանադայի խորհրդարանի մասնագիտական ծրագրին որպես խորհրդարանական պրակտիկանտ։ 2024 թվականին հետազոտական պրակտիկա է անցել Էստոնիայի Տալլին քաղաքում գործող Պաշտպանության և անվտանգության միջազգային կենտրոնում:


2025-2026 թվականներին աշխատել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում որպես օգնական։


Խորհրդարանում իր գործունեության ընթացքում ներգրավված է եղել օրենսդրական և միջազգային, խորհրդարանական համագործակցության ուղղություններով իրականացվող աշխատանքներում։ Հովհաննես Յուքինյանը երկարամյա գործունեություն է ծավալել նաև երիտասարդական և միջազգային կազմակերպությունների շրջանակում որպես կամավոր։