Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Դավիթ Իվանյանը նշանակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետի որոշումը հրապարակվել է e-gov.am կայքում։
Դավիթ Իվանյանը սովորել է Մեծ Բրիտանիայի Սասեքսի համալսարանում՝ ստանալով բակալավրի աստիճան բիզնեսի և կառավարման ուղղությամբ՝ ֆրանսերենի խորացված ուսուցմամբ: Նա սովորել է նաև Մեծ Բրիտանիայի Ուորիքի համալսարանի Ուորիք բիզնես դպրոցում՝ ստանալով միջազգային բիզնեսի մագիստրոսի աստիճան:
Այսպիսով, վարչապետ Փաշինյանը շարունակում է պաշտոնների նշանակել արտերկրի առաջատար բուհեր ավարտած պրոֆեսիոնալների, որոնք նրա կոչով դիմել են ընդգրկվելու ՀՀ կառավարության կադրային բանկում։
Կենսագրություն
Ծնվել է 1994 թ. մարտի 10-ին, Մոսկվա քաղաքում:
2013-2016 թվականներին սովորել է Մեծ Բրիտանիայի Սասեքսի համալսարանում՝ ստանալով բակալավրի աստիճան բիզնեսի և կառավարման ուղղությամբ՝ ֆրանսերենի խորացված ուսուցմամբ:
2016-2017 թվականներին սովորել է Մեծ Բրիտանիայի Ուորիքի համալսարանի Ուորիք բիզնես դպրոցում՝ ստանալով միջազգային բիզնեսի մագիստրոսի աստիճան:
2017-2019 թվականներին աշխատել է «FM Logistic» ընկերությունում՝ բիզնեսի զարգացման մասնագետի պաշտոնում, ք. Մոսկվա:
2019-2020 թվականներին աշխատել է «DSV Panalpina» ընկերությունում՝ բիզնեսի զարգացման մենեջերի պաշտոնում, ք. Մոսկվա:
2020 թվականին աշխատել է «DPD» ընկերությունում՝ բիզնեսի զարգացման մենեջերի պաշտոնում, ք. Մոսկվա:
2020 թվականին հայրենադարձվել է Հայաստան՝ ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի «իԳործ» ծրագրի առաջին հոսքի շրջանակում:
2020-2021 թվականներին եղել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության փորձագետ՝ «իԳործ» ծրագրի մասնակից:
2021-2022 թվականներին եղել է «Հայփոստ» ՓԲԸ-ի առևտրային ուղղության պրոդուկտի մենեջեր:
2022-2026 թվականներին եղել է Yandex Առաքում ծառայության տնօրենը Հայաստանում, 2025 թվականից՝ նաև Վրաստանում:
Տիրապետում է հայերեն, ռուսերեն, անգլերեն և ֆրանսերեն լեզուներին:
Ամուսնացած է: