ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ ԿԳՄՍ նախարարության և Գյոթե ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր:
Փաստաթուղթը ստորագրել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Հայաստանում Գյոթե ինստիտուտի տնօրեն Յան-Թագե Քյուհլինգը։ Միջոցառմանը ներկա է եղել նաև Լեզվի կոմիտեի նախագահ Սիրանուշ Դվոյանը։
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ողջունել է հուշագրի ստորագրումը՝ բարձր գնահատելով Հայաստանում Գյոթե ինստիտուտի գործունեությունը և գերմանական մշակութային ու կրթական ներկայության ընդլայնումը։
Նախարարի տեղակալի խոսքով՝ ներկայում Գյոթե ինստիուտը ստանձնել է Հայաստանում եվրոպական երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների մշակութային թևերի համակարգման դերը և ակտիվորեն համագործակցում է ԿԳՄՍ նախարարության հետ՝ ՀՀ-ԵՄ մշակութային կապերի զարգացման ուղղությամբ։
Արթուր Մարտիրոսյանն առանձնահատուկ ընդգծել է Գյոթե ինստիտուտի ներդրումը՝ լեզուների իմացության համաեվրոպական շրջանակի (CEFR) A1-ից C2 մակարդակներին համապատասխան հայերենի իմացության գնահատման միասնական համակարգի ստեղծման գործում։