2018-ից ի վեր արդեն չորրորդ անգամ կալանավորված Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը՝ փաստաբանը, նրա փաստացի ղեկավարմամբ գործող խորհրդարանական խմբակցության ղեկավարը, նրա գրասենյակի ղեկավարը, պլյուս՝ ֆեյսբուքյան «գրուպպա պադերժկին», արդեն մի քանի օր է՝ փորձում են աշխարհաքաղաքական փաթեթավորում տալ նախկին նախագահի հանդեպ իրականացվող իրավական գործընթացին։ Թե՝ «Արցախի առաջին նախագահին», «Արցախ ազատագրածին», «հերոս մարդուն» կալանավորել են Ալիևի պահանջով, քանի որ նա այս պահին Արցախի միակ նախագահն է, որը գտնվում է ազատության մեջ։ Կալանավորել են, որ առաջիկայում կենսական նշանակության զիջումներ անեն՝ Սահմանադրություն փոխեն, Տիգրանաշենը հանձնեն, ԵԱՏՄ-ից դուրս գան ու երկիրը տնտեսական արհավիրքների առաջ կանգնեցնեն, մի խոսքով՝ ազատ լինեն իրենց չարագործությունների մեջ։ Ինչպես ասում են՝ բարդիները խշշացին, ուռիները լաց եղան, տխուր իրար նայեցին քաղաքական մառազմն ու «նախագԱն»։
Ինչն է ուշագրավ՝ այսպես տրամաբանող
ու բարբառողներն այդպես էլ հոդաբաշխ բացատրություն՝ անառարկելի փաստերի ու ապացույցների
վրա հիմնված, չեն վկայակոչում, թե ինչո՞ւ է քաղաքականապես քոքամաշ եղած գործչի կալանավորումը «աշխարհաքաղաքական», և աշխարհաքաղաքականությունը
թելադրող այդ ո՞ր երկրի կամ երկրների ցուցումով է տեղի ունենում նրա նկատմամբ իրականացվող մաքուր իրավական գործընթացը։ Փոխարենը
երեկ հրավիրված ասուլիսում հնչած որոշ մտքեր, մտահանգումներ եկան ապացուցելու երկու
բան՝
1․ իրավաբանության, արդարադատության
մասին Քոչարյանի պաշտպանների իմացությունն ու պատկերացումները ոչնչով չեն տարբերվում
գևորգկոստանյանական և աղվանհովսեփյանական՝ «բեջուռա կենդանի» հիշեցնող իրավաբանությունից
և ազդված են դրանից,
2․ «Հայաստան» խմբակցության և Քոչարյանի գրասենյակի
ղեկավարի պատկերացումները քաղաքականության, դրա պատճառահետևանքային կապերի մասին հար և նման են հիշյալ
բեջուռա կենդանուն։
Աննա Գրիգորյանն, օրինակ, ազդարարում
է, թե քաղաքական լիդերների կալանավորումները «տրամաբանորեն» տեղի են ունենում նախընտրական
շրջանում՝ հեշտացնելու իշխանության վերարտադրությունը, իսկ հետընտրական շրջանում հաղթած
իշխանությունը պետք է որ գնար լարվածությունը, էմոցիաները թուլացնելու, նվազեցնելու և իր համար աշխատանքային հանգիստ միջավայր
ստեղծելու ճանապարհով՝ իրագործելու սեփական պլանները։ Իսկ Նիկոլ Փաշինյանն, ահա, որոշեց
գնալ իր՝ Գրիգորյանի իմացած տրամաբանությանը հակառակ ու հետընտրական շրջանում կալանավորեց
ընդդիմադիր լիդերներին, նախ՝ Ծառուկյանին, ապա՝ Քոչարյանին։ Դիտարկմանը՝ ի՞նչ տարբերություն Նիկոլ Փաշինյանը Սահմանադրությունը
կփոխի, Տիգրանաշենը կհանձնի Քոչարյանի և մյուսների՝ ազատության մեջ լինելո՞ւ, թե՞ կալանավորված լինելու
պայմաններում, մեկ է՝ փոխելու ու «հանձնելու» է, տիկինը մտահանգեց՝ «ինքը մինիմալ
դիմադրություն ա փորձում իր համար ձևավորել»։ Իրենց դաշինքը, մինչդեռ, որպես առաջամարտիկ նախորդիվ փորձել է ամեն ինչ անել՝
դիմադրելու «հանձնելուն» ու «փոխելուն», բայց,
փաստորեն, չի կարողացել։ Հետևապես «էս փուլում ինքը (Փաշինյանը-խմբ.) փորձում է էնպիսի միջավայր
ստեղծել, որ որևէ մեկը ձայն չհանի, որ ոչ միայն գործընթաց չլինի, այլև ընդհանրապես
դիմադրող խոսք գոյություն չունենա։ Ինչու է նա այս ամենն անում, որպեսզի համատարած
վախի մթնոլորտ ձևավորի երկրում, ավելի հեշտ, խախանդ, հանգիստ պայմաններում իրա գործողություններն
իրականացնի»։ Լոգիկա եմ ասել, է՜։ Ստացվում
է՝ Քոչարյանն իր նախագահ եղած ժամանակ հատուկ՝ հեռահար դիտավորությամբ, միտումնավոր
էր հարստություն դիզում՝ Հակակոռուպցիոն կոմիտեի հաղորդագրության մեջ նշված գույքերը
հանցավոր սխեմաներով սեփականում, որպեսզի այսպիսով
հող նախապատրաստի այսօր իր հանդեպ իրականացվող
իրավական պրոցեսի համար։ Ասել կուզի՝ Քոչարյանն իր հարստությունը ժամանակին կիտում-դիզում
էր, որպեսզի տարիներ անց, երբ իշխանափոխության հերթական փորձը ձախողի ու համակերպվի
ԱԺ-ում «քիփլիկ» խմբակցություն ունենալու և ևս 5 տարի «լռվելու» հեռանկարին, աշխարհաքաղաքական կենտրոններին ստիպի իրեն կալանավորելու
ցուցում իջեցնել օրվա իշխանությանը։ Այ, այ, այ, այ, այ․․․ «կակայա դասադա»։ Հարց է ծագում՝ 2020-ի ամառվանից ազատության մեջ գտնվող Քոչարյանն ինչու այս ընթացքում
չէր կալանավորվում, ինչ է՝ Նիկոլ Փաշինյանին «կոնտրոլի տակ պահող» աշխարհաքաղաքական
կենտրոնների համար նա հետաքրքիր չէ՞ր, այդ կենտրոնները արհամարհո՞ւմ էին նրա մեծագույն
գործոնը, նրա հզորագույն ազդեցությունը քաղաքական պրոցեսների վրա։ Ինչո՞ւ, ասենք, ՀՀ
իշխանություններին ցուցում չէին իջեցնում նրան կալանավորելու, դիցուք, 44-օրյա պատերազմի ավարտից անմիջապես հետո, որպեսզի նա մաս չկազմեր «Հայրենիքի
փրկության» շարժմանը, 2021-ի ԱԺ ընտրություններից
առաջ կամ հետո, որպեսզի նա չմասնակցեր անողոք ընտրապայքարին և չկարողանար խորհրդարանական
խմբակցություն ձևավորել։ Ինչո՞ւ էին աշխարհաքաղաքական
սուբյեկտները նախկին նախագահի գերհզոր գործոնն արհամարհում Դիմադրության շարժման օրերին՝
իշխանություններին ցուցում չիջեցնելով նրան նորից կալանավայր ուղարկելու, որպեսզի
«Արցախի հանձնումը» տեղի ունենա առանց աղմուկ-աղաղակի։ Ինչո՞ւ նույն Քոչարյանին կալանավորելու կարիք աշխարհաքաղաքական
կենտրոնների մոտ չհասունացավ 2024-ին՝ Տավուշում սահմանազատման գործընթացի ժամանակ,
այն դեպքում, երբ նրա ղեկավարած խմբակցության անդամները ներգրավված էին, ավելին՝ համաառաջնորդում
էին «սրբազան շարժում» կոչեցյալը, և, գրողը
տանի, այս ողջ ընթացքում՝ մինչև 2026-ի օգոստոսյան վերջին շաբաթը, ինչո՞ւ էին հիշյալ
կենտրոնները թքողական վերաբերմունք ցուցաբերում
երկիրը 10 տարի կառավարած պերսոնի նկատմամբ՝ հանդուրժելով նրա ազատ կարգավիճակը։ 6
տարի, փաստորեն, Քոչարյանը եղել է ազատության մեջ, ուր ուզել՝ մեկնել է, հատկապես՝
Մոսկվա, բայց նրա նկատմամբ աշխարհաքաղաքականությունը որոշող սուբյեկտները ցուցաբերել են բութ անտարբերություն։ Եվ հիմա, փաստորեն, երբ Քոչարյանի
քաղաքական գործոն լինելը հավասարվել է զրոյի,
քնից արթնացել ու որոշել են անդիմադրունակ,
առողջական խնդիրներ ունեցող նախագահին կալանավորելու «քսիվ» ուղարկել (ներողություն
տերմինի համար) Փաշինյանին, այն էլ՝ «չերեզ Ալիև»։
Մինչ տիկին Գրիգորյանը կփորձի հոդաբաշխ մեկ նախադասությամբ տալ այս հարցի պատասխանը՝
հիմնավորելու, թե ինչու էր ազատ, բայց այլանդակ, կոռուպցիոն սխեմաներով հարստացած Քոչարյանը
խանգարում աշխարհաքաղաքական որևէ սուբյեկտի, անդրադառնանք տիկնոջ մեկ այլ մտքի «գոհարի»։
Լրագրողներից մեկի հարցին պատասխանելիս «Հայաստան»
խմբակցության ղեկավարը ակամա խոստովանեց, որ իր քաղաքական պատրոնը ՌԴ-ի, ավելի ճիշտ՝
Պուտինի կենդանի՝ մարդկային կապիտալն է ՀՀ-ում։ Այս օրերին Բիշքեկում տեղի է ունենում
Շանհայի համագործակցության կազմակերպության
գագաթնաժողովը, և Աննա Գրիգորյանը նշեց, թե միջոցառման շրջանակում Փաշինյան-Պուտին
հանդիպման ժամանակ անդրադարձ է լինելու ՀՀ-ում տեղի ունեցած կալանավորումներին (այդ
մասին հայտարարել է ռուսական կողմը)։ Եվ ահա, իր քաղղեկի կալանավորումը հատուկ այս
միջոցառմանն ընդառաջ է տեղի ունեցել։ Հարցին՝
հնարավո՞ր է, որ Քոչարյանին կալանավորելով Փաշինյանն ուզում է Պուտինի հետ (որն, ի
դեպ, շնորհավորել է Քոչարյանին ծննդյան օրվա առթիվ) ինչ-որ գործարքների գնալ՝ հաշվի առնելով հայ-ռուսական
օրեցօր վատթարացող հարաբերությունները, Գրիգորյանը խրոխտ ազդարարեց․ «Քոչարյանի կալանավորման
հարցը զուտ տնտեսական հարց չէ, այլ՝ քաղաքական
և աշխարհաքաղաքական։ Եթե ձեր հարցադրման ելակետն այն է, թե արդյոք Փաշինյանը կալանավորում
է քաղաքական ընդդիմադիր առաջնորդներին, որ
հետո առևտուր անի՞ Պուտինի հետ, ես կարծում եմ, որ շատ ավելի մեծ է խաղը, քան՝ դա․․․»։ Գրիգորյանի
խոսքից տպավորություն է, թե իր քաղաքական պատրոնը կալանավորվել է ՌԴ-ի հետ հարաբերությունները
չփչացնելու դիրքերից հանդես գալու, աշխարհաքաղաքական
կենտրոնների շահերի բախման կենտրոն չդառնալու, Հայաստանի ուկրաինացման վտանգի մասին
ահազանգելու համար։ (Զգացի՞ք ռուսական նարատիվների ամբողջ պալիտրան)։ Եվ հիմա, փաստորեն,
նրան կալանավորել են, որ մեր երկիրը տանեն
թուրքական ենթակայություն։ Տիկին Գրիգորյանը, փաստորեն, բաց տեքստով հայտարարում է,
որ Փաշինյանը կալանավորել է Պուտինի հետ քիմիական կապի մեջ գտնվող Քոչարյանին, որպեսզի
նրա ազատ արձակումը փոխանակի ՌԴ-ի կողմից ՀՀ-ի հանդեպ արվելիք զիջումների, «ներումների»
հետ։ Մոտավորապես այն նույն տրամաբանությամբ, ինչ ժամանակին կյանքի կոչվեց «գույք՝պարտքի դիմաց»-ը։ Գրիգորյանի փառահեղ լոգիկայով առաջնորդվելու դեպքում
կարելի է եզրակացնել, որ Փաշինյանն առաջիկա հանդիպման ժամանակ «բազառ» է անելու Պուտինի
հետ՝ առաջարկելու է դադարեցնել ՀՀ-ի նկատմամբ
տնտեսական սահմանափակումները՝ դրա դիմաց խոստանալով ազատ արձակել Քոչարյանին։ Կամ,
ասենք, չթանկացնել գազը, դրա դիմաց խոստանալով «ջրել» երկրորդ նախագահին առաջադրված
մեղադրանքը, ապօրինի հարստացման վերաբերյալ Հակակոռուպցիոն դատարանում
քննվող գործը, և այսպես շարունակ։ Գրիգորյանն
ակամա խոստովանում է, որ Քոչարյանը ոչ թե ՀՀ անունից ու շահերի սպասարկման դիրքերից հանդես եկող պետական գործիչ է, այլ՝ պատանդառված
գույք, որը տիրապետվում է ՌԴ-ի կողմից։ Այլապես ինչու պետք է նրա կալանավորումը և կամ ազատ արձակումը դիտարկվի որպես երկու երկրների հարաբերությունների
պարզաբանման, տնտեսական-քաղաքական «բարտերի» թեմա։ Արժանին պետք է մատուցել տիկին Գրիգորյանին՝ Քոչարյանի
ով լինելն այսպես պերճախոս բացահայտելու համար։
Քոչարյանը
միակ ասիչն ու տղամարդը չէ՞ր
Անդրադառնանք ասուլիսի ժամանակ
հնչած այլ ուշագրավ մտքերի ևս, այս անգամ՝ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արման Օրբելյանի
կատարմամբ։ Նախկին նախագահի սրտի փաստաբանը, նկատենք, կասկածի տակ դրեց իր պաշտպանյալի
այցեքարտը համարվող՝ «միակ տղամարդու», «ասիչի» կարգավիճակը։ Ներկայացնելով քրեական
գործի որոշ էպիզոդներ՝ պարոն Օրբելյանը ծոր տվեց․ «Ամբողջ մեղադրանքը կառուցվել
է մի ենթադրության հիման վրա, որ նախագահ Քոչարյանը էս երկրում ամեն ինչից տեղյակ է,
ինչ իրականացվում է՝ իրեն են հարցնում, և ինչ իրականացվել է՝ իր հանձնարարությամբ է
իրականացվել։ Սա չի նշանակում, որ հանցագործություններ են եղել՝ ինքը մեղավոր չի։ Էդ
նույն «Մարտի 1»-ի գործում նույն խնդիրը կար՝ ինչ որ արվել էր, ինքն էր․․․»։ Օրբելյանն
իր խոսքի ողջ տրամաբանությունը փորձեց կառուցել այն ծիծաղաշարժ թեզի վրա, որ Քոչարյանն
իր օրոք տեղի ունեցած, ընդ որում՝ իր ընտանիքի ունեցվածքի ընդլայնմանն առնչվող գործընթացներից
ի պաշտոնե տեղյակ չի եղել, քանի որ դրանք վերաբերելի
չեն եղել իր պաշտոնեական լիազորություններին, եղել են գործադիրի, Երևանի քաղաքապետարանի
կուրացիայի ներքո։ Խե՜ղճ, ազնի՜վ Քոչարյան։ Փաստորեն, մեկը, որի օրոք
նույնիսկ ճանճը ռիսկ չէր անում ինքնուրույն
տզզալ ու «ա» կետից «բ» կետը թռչել, տեղյակ չի եղել, որ հանրապետության էսինչ հասցեի հողամասը էսինչ գնով էսինչ պաշտոնյան օտարել է էսինչ
մարդուն։ Մեկը, որն անգիր գիտեր, թե փողերը որ «կանալով» ու ինչ ինտենսիվությամբ որտեղ են հոսում, ով է
«փողի մեշոկի վրա նստած՝ փող ուզում», բանից բեխաբար, Բաղրամյան 26-ում նստած է եղել
ու առանց իր գիտության պետական սեփականության առքուվաճառք է տեղի ունեցել, ինքն էլ
միամիտ-միամիտ դրել ու վավերացրել է այդ մասին վկայող փաստաթղթերը։ Եվ հիմա, տարիներ
անց, մեղադրվում է ընդամենը նրանում, որ կատարել
է իր սահմանադրական պարտականությունը՝ վավերացրել է կառավարության
որոշումները։ Որոշումներ, որոնք, թարսի պես,
առնչվել են իրեն փոխկապակցված անձանց գույքային
բարելավմանը, սեփականության ավելացմանը, փաստորեն՝ հարստացմանը։ Արամ Օրբելյանն, ի դեպ, ոչ թե փորձում
էր ապացուցել, որ Քոչարյան ընտանիքին վերագրվող գույքերի ցանկը կեղծ է, հորինված կամ
ուռճացված, տպավորություն ստեղծելու, թե նախկին
նախագահն այդ աստիճան ագահ ու անկշտում չի եղել, որպեսզի իրենով անի մի քանի տասնյակ
գույքերը, այլ՝ հիմնավորել, որ ինչ ճանկել
է, ճանկել է «օրենքի տառին» համապատասխան, մեկումեջ էլ՝ ստիպված։ Եվս մեկ մեջբերում
Օրբելյանից, որը լսողի մոտ հաստատ բեջուռա
կենդանու ասոցիացիաներ կառաջացնի․
«Էս գործարքներից ոչ մեկի կողմը չի եղել նախագան։ Եթե տեսականորեն նույնիսկ ինքն էլ
լիներ, դա չանելու (չվավերացնելու) ընթացակարգ գոյություն չուներ։ Հետո ասվում ա՝ կառավարության
էսինչ որոշումը ապօրինի ա։ Ի՞նչն ա ապօրինի, ասում են՝ հակասում ա կառավարության նախորդիվ ընդունած որոշմանը։
Չի ասում՝ հակասում ա օրենքին, Սահմանադրությանը։ Ասում ենք՝ լավ, կառավարության նախորդ
որոշումը լա՛վ ա անում, հակասում ա կառավարության նախորդ որոշմանը, դրանից էդ որոշումը ապօրինի չդառավ, որովհետև ՀՀ Սահմանադրությամբ՝
1995-ից մինչև այսօր ՀՀ գույքը կառավարում
է կառավարությունը։ Հետևաբար, երբ որ Կառավարությունը որոշում է կարգ, որով գույքերը վարձակալության հանձնվում են կարգից խախտումով,
դա չդառավ ապօրինի։ Դա դառավ, որ կառավարությունը այս գույքի մասով որոշել է այս կարգը
սահմանել։ Եվ կրկնում եմ՝ կառավարությունը չի կարող ինքն իրեն կաշկանդել հետագայում
որոշում ընդունելու հնարավորությունից»։ Հետևաբար չկար որևէ ընթացակարգ և հնարավորություն «վետո դնել» Կառավարության այս կամ այն որոշման
վրա։ Ասել կուզի՝ եթե կառավարության ղեկավարը
որոշեր, ասենք, ՀՀ սուվերեն տարածքի ինչ-որ մաս օտարել Մոզամբիկին կամ, ասենք, Գվատեմալային, նախագԱն այլ ելք չէր ունենալու, քան
այդ որոշումը հլու-հնազանդ վավերացնելը։ Յա, իրո՞ք՝ կասեր դասականը։ Ժողովուրդն էլ
հավանաբար կհավելեր՝ Քոչարյա՛ն ու նրան պաշտպանող պարոնայք փաստաբաններ, դուք եք գի՞ժ,
թե՞ հանրությանն եք գժի տեղ դնում՝ հղում անելով Սահմանադրությանն ու օրենքին։
Հեղինե Մանուկյան