ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ելույթների վերաբերյալ ինսայդերական տեղեկություններով խաղադրույքներ կատարելու համար ԱՄՆ նախագահի նախկին տեխնիկական օգնական Գաբրիել Պերեսին, ով 2016 թվականից ի վեր ծառայում էր որպես Թրամփի հեռուստահուշարարի (տելեպրոմպտեր) օպերատոր, պարտավորեցրել են վճարել ավելի քան 172,000 դոլար, այս մասին հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները:
Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ Գաբրիել Պերեսը 2025 թվականի դեկտեմբերից մինչև 2026 թվականի փետրվար ընկած ժամանակահատվածում Kalshi կանխատեսումների շուկայական հարթակում (որտեղ օգտատերերը խաղադրույքներ են կատարում իրական իրադարձությունների վրա) գործարքներ է կատարել այն մասին, թե ինչ է ասելու նախագահն իր ելույթների ընթացքում։
ԱՄՆ Ապրանքային ֆյուչերսների առևտրային հանձնաժողովի (CFTC) որոշմամբ՝ Պերեսը պետք է վերադարձնի ապօրինի ստացված 107,539 դոլար շահույթը և վճարի 65,000 դոլար տուգանք։
Ընկերությունն ավելի վաղ BBC-ին հայտնել էր, որ իր վերլուծաբանները մարտ ամսին նկատել էին կասկածելի խաղադրույքներ «հիշատակումների շուկայում» (պայմանագրեր, որտեղ օգտատերերը կանխատեսում են, թե արդյոք հռետորը կօգտագործի տարածված բառեր, օրինակ՝ կոնկրետ երկրների անուններ, նախընտրական կարգախոսներ կամ առանձին բառեր)։
Հետաքննության հետ ակտիվ համագործակցության շնորհիվ տուգանքի չափը նվազեցվել է, սակայն նախկին աշխատակցին 3 տարով արգելվել է առևտրային գործունեություն ծավալել։ Սպիտակ տունը դեռևս պաշտոնական մեկնաբանություն չի տարածել, սակայն ավելի վաղ հայտնել էր, որ Պերեսն ազատվել է աշխատանքից։