Մեկնարկել է ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը
ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ երկօրյա հեծանվարշավին մասնակցության հայտ էր ներկայացրել 106 քաղաքացի, սակայն նախապատրաստական մարզումներից հետո հաստատվել է նրանցից 86-ի մասնակցությունը:
Օգոստոսի 29-ին հեծանվային արշավի մեկնարկը տրվել է առավոտյան ժամը 07:30-ին։ Միջոցառմանը մասնակցում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Առավոտյան մասնակիցներին ողջունել և հաջողություն են մաղթել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։
Մասնակիցները Սևանա լճի շուրջ նախատեսված երթուղին անցնում են սեփական՝ մեխանիկական հեծանիվներով։
Առաջին օրվա երթուղին շուրջ 136 կմ է, որը բաժանված է չորս հատվածի․
Մեկնարկից մինչև առաջին կանգառ՝ 35 կմ,
Առաջինից երկրորդ կանգառ՝ 33 կմ,
Երկրորդից երրորդ կանգառ՝ 35,4 կմ,
Երրորդ կանգառից մինչև գիշերակացի վայր՝ 33 կմ։
Երեկոյան նախատեսված է մասնակիցների հանդիպումը խարույկի շուրջ։

Հեծանվային արշավը կշարունակվի օգոստոսի 30-ին։ Երկրորդ օրվա երթուղին բաղկացած է երեք հատվածից (24 կմ, 26,1 կմ և 28,7 կմ)․ մասնակիցները կանցնեն շուրջ 79 կմ՝ հասնելով վերջնագծին Սևանի թերակղզում։
Երկու օրերի ընթացքում հեծանվորդները Սևանի շուրջ կհաղթահարեն ընդհանուր առմամբ 215 կմ ճանապարհահատված։ Արշավի բոլոր մասնակիցներին կտրվեն հավաստագրեր (մրցանակային հիմնադրամ նախատեսված չէ)։

Նախաձեռնության նպատակն է նպաստել Հայաստանում հեծանվային արշավների ավանդույթի ձևավորմանն ու զարգացմանը, ինչպես նաև խթանել հեծանվային մշակույթն ու առողջ ապրելակերպը։ Միջոցառումն անցկացվում է սեպտեմբերի 10-13-ը նախատեսված «Tour of Armenia» միջազգային բազմօրյա հեծանվավազքի մրցաշարին ընդառաջ:
