Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Ռուսաստանում Բաքվի դեսպանության հյուրատան մոտ գրանցված միջադեպը։ Ըստ ադրբեջանական կողմի՝ օգոստոսի 27-ին անհայտ անձինք կառույցի դիմաց սադրիչ բնույթի պատկերներ են տեղադրել։
Ադրբեջանի ԱԳՆ-ն ռուսական կողմին կոչ է արել քննություն իրականացնել և անհրաժեշտ քայլեր ձեռնարկել՝ հետագայում նմանօրինակ դեպքերը բացառելու համար։
«Չենք բացառում, որ տեղի ունեցածի նպատակն է արհեստականորեն լարվածություն ստեղծել երկկողմ հարաբերություններում: Միջադեպը կարող է լինել վերջին շրջանում ռուսական մի շարք լրատվամիջոցների հակաադրբեջանական արշավի մի մասը»,- նշված է գերատեսչության տարածած հայտարարության մեջ։
Բացի այդ, Բաքուն Մոսկվային հորդորել է հավատարիմ մնալ ստանձնած պարտավորություններին և լիարժեք ապահովել դիվանագիտական աշխատակիցների անվտանգությունը։