ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ տարածքային ստորաբաժանումների ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ բնակչության կողմից շարունակվում է ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումը:
Կամավոր հանձնման հերթական դեպքն է գրանցվել Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում։ ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Գյումրի քաղաքի Շերամի թաղամասում գտնվող կիսակառույցի մոտ զենք-զինամթերք է թողել։
Ահազանգով մեկնած քրեական ոստիկանները նշված տարածքում հայտնաբերել են «ԱԿ» տեսակի ինքնաձիգ, 3 նռնակ, նռնակի պայթուցիչ և տարբեր տրամաչափի 100-ից ավելի փամփուշտ։
ՆԳՆ ոստիկանությունը կրկին հորդորում է ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնել քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։