Տագնապի ազդանշանները ստիպել են Իսրայելի հյուսիային հատվածի բնակիչներին պատսպարվել ապաստարաններում, այն բանից հետո, երբ հարավային Լիբանանից երեք հրթիռ է արձակվել այդ ուղղությամբ, ինչն էլ իր հերթին հանգեցրել է իսրայելական հրետանու կողմից միջսահմանային հատվածոմ 3 հրետանային կրակահերթ արձակելուն:
Տարածաշրջանում անվտանգային իրավիճակի սրումը փորձության կենթարկի Իսրայելի նոր կառավարությանը:
Իսրայելական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այս համեմատաբար փոքրածավալ գործողությունը, որի ընթացքում երկու հրթիռ ընկել է Իսրայելի հյուսիսային Կիրյաթ Շեմոնա քաղաքի մերձակայքի բաց դաշտերում, իսկ մեկը՝ Լիբանանի ներսում, իրականացրել են պաղեստինյան խմբավորումները՝ Լիբանանի հարավային սահմանի երկայնքով։
Ռազմամթերքը հրդեհներ է առաջացրել ինչպես Լիբանանում, այնպես էլ Իսրայելում, որտեղ ծայրահեղ շոգն ու ուժեղ քամիները վերջերս մեծացրել են անտառային հրդեհների վտանգը:
Պաղեստինյան խմբավորումները նմանատիպ միջսահմանային հարձակումների փորձեր հաճախ են անում վերջին ամիսներին։ Նրանք գործում են այն տարածքում, որը խստորեն վերահսկվում է Իրանից աջակցություն ստացած «Հեզբոլլահ» զինյալ խմբավորման կողմից:
Միջադեպը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Իսրայելի, ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի պաշտոնյաները մեղադրեցին Իրանին՝ Արաբական ծովում ՝ Օմանի ափերի մոտ, մասամբ Իսրայելի կողմից շահագործվող նավթատարին ԱԹՍ-ի մահացու հարված հասցնելու մեջ։ Իրանի պաշտոնյաները, սակայն, հերքել են իրենց այս միջադեպի հետ որևէ առնչություն ունենալը:
Այս հարձակումը Իրանի հետ առաջին խոշոր առերեսումն էր՝ Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթի համար, որը պաշտոնը ստանձնեց հունիսին ՝ Իսրայելի ամենաերկար պաշտոնավարած վարչապետ Բենիամին Նեթանյահուի 12-ամյա պաշտոնավարումից հետո:
Նեթանյահուն կասկածվում է Իրանին ուղղված մի շարք հարձակումներ իրականացնելու մեջ, այդ թվում` իրանական միջուկային օբյեկտում տեղի ունեցած պայթյունների, ինչպես նաև ականավոր միջուկային գիտնականի սպանության մեջ:
Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցը և արտգործնախարար Յաիր Լապիդն ՄԱԿ -ի Անվտանգության խորհրդի երկրների դեսպանների հետ հանդիպման ժամանակ հայտարարել են, որ իրենք տրամադրել են մանրամասն հետախուզական տեղեկություններ, որոնք ապացուցում են, որ Իրանը անցյալ շաբաթ հարվածել է նավթատարին: Նրանք նշել են, որ Իրանի Իսլամական հեղափոխական պահապանների կորպուսի ԱԹՍ-ների բաժնի ղեկավար Սաիդ Արա Յանին անձամբ է պատասխանատվություն կրում Օմանի ծոցում տեղի ունեցած ահաբեկչությունների համար: Ինչպես նաև, Գանցը նշել է, որ Իրանի օդուժի հրամանատար Ամիր Ալի Հաջիզադեն է կանգնած տարածաշրջանում տասնյակ ահաբեկչական հարձակումների հետևում, որոնք ներառում են անօդաչու թռչող սարքեր և հրթիռներ:
Հինգշաբթի գիշերը տեղի ունեցած ԱԹՍ-ի հարձակումից հետո, Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը փորձում է միջազգային աջակցություն ստանալ Իրանի դեմ: Միևնույն ժամանակ նա նշել է, որ Իսրայելը պատրաստ է «գործել միայնակ»՝ ի պաշտպանություն իր ազգային անվտանգության:
Նախկին նախագահ Նեթանյահուն շարունակ պնդում է, որ Բենեթը, ում կոալիցիան բաղկացած է գաղափարապես միմյանցից տարբեր ութ կուսակցություններից, շատ թույլ է որպեսզի կարողանա հաղթահարել, նրա բնորոշմամբ, Իրանի կողմից եկող գոյության սպառնալիքը:
«Իրանցիները պետք է հասկանան, որ անհնար է հանգիստ նստել Թեհրանում և այնտեղից բորբոքել ողջ Մերձավոր Արևելքը», - երեքշաբթի օրը հայտարարել է վարչապետ Բենեթը:
Սյուզի Սիրականյան