Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի ու տորթերի արտադրամասի արտադրական գործունեությունը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է «ՆՆ Հոլդինգ» ՍՊ ընկերության Երևանի Անդրանիկի 73/1 հասցեում գործող «88» սուպերմարկետում գործող հացի ու տորթերի արտադրամասի արտադրական գործունեությունը:


Տեսուչների կողմից անցկացվող վերահսկողության ընթացքում այստեղ հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ նորմերի մի շարք խախտումներ: Այսպես՝


– արտադրամասի դասավորվածությունը չի բացառել պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի խաչաձևվող հոսքերը,


– պատերն ունեցել են վնասված հատվածներ, մակերևույթը պատված չի եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերով,


– առաստաղներն ապահով չեն եղել, չի կանխարգելվել կեղտի կուտակումը, մասնիկների թափվելու հնարավորությունը,


– չի եղել օդափոխության համակարգ,


– շինությունների որոշ հատվածում կոյուղու համակարգը նախագծված և կառուցված չի եղել այնպես, որ բացառվի սննդամթերքի աղտոտման ռիսկը,


– սննդամթերքի արտադրության գործընթացում օգտագործվող տեխնոլոգիական սարքավորումները, բեռնարկղերը վնասված են եղել՝ հնարավորություն չտալով իրականացնելու դրանց պատշաճ լվացման, մաքրման, ախտահանման աշխատանքներ,


– արտադրամասում պահվել են անձնական իրեր, սննդամթերքի արտադրությունում չօգտագործվող նյութեր և պարագաներ:


«ՆՆ Հոլդինգ» ՍՊ ընկերության տնօրենին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ հացի ու տորթերի արտադրության արտադրամասը օրենսդրության պահանջներին համապատասխանեցնելու համար:


Խախտումների վերացման համար սահմանվել է ժամկետ: