Հայաստանը նոր շուկաներ է նվաճում. Դիվերսիֆիկացիա, ոչ թե կապերի խզում

Այս պահի դրությամբ ՀՀ-ից ԵՄ են արտահանվում պտուղ-բանջարեղեն, միրգ, տարբեր տեսակի խմիչքներ, ինչպես նաև ձկնամթերք, և կարելի է ասել, որ արտահանվում են փաստացի այն բոլոր ապրանքները, որոնք եղել են ԵՄ երկրների արտահանման ցանկում, ուղղակի ավելի մեծ ծավալներով: Դրանց գումարվել են նաև այլ ապրանքատեսակներ՝ պայմանավորված Ռուսաստանի կողմից հունիսի սկզբին կիրառված սահմանափակումներով։ Տնտեսագետ Կարեն Սարգսյանը կարծում է, որ Հայաստանը փաստացի մինչ այդ էլ ձգտում էր ավելի դիվերսիֆիկացնել իր արտաքին շուկաների կառուցվածքը, և սա նաև  առիթ էր, որ ավելի ինտենսիվ կերպով այդ գործընթացները զարգանան, ինչը, սակայն, մեկ օրվա խնդիր չի.  որքան էլ որ ԵՄ-ն բարյացակամ է  վերաբերվում հայկական ապրանքների արտահանմանը, և նաև ինքն է խրախուսում թե՛ հայտարարություններով, թե՛ կոնկրետ գործողություններով, մասնավորապես՝ շուրջ 80  տոկոսով հանվել են մաքսատուրքերը, սակայն հանրությունը պետք է ըմբռնումով մոտենա, որ այստեղ կան տարբեր տեսակի տեխնիկական կանոնակարգեր, որոնց պետք է համապատասխանեն այդ ապրանքները։ 


«Բացի դրանից, նաև այդ ապրանքատեսակների ցանկն ընդլայնվել է կառավարության համապատասխան որոշմամբ, որոնք կօգտվեն մաքսատուրքի և տրանսպորտի ծախսերի սուբսիդավորման ծրագրից։ Կարծում եմ՝ այս գործիքները բավականին ազդեցիկ են, և ժամանակ է պետք, որ կարողանանք ամբողջովին այս դիվերսիֆիկացիան ավարտել»,- ասաց տնտեսագետը։  


Կարեն Սարգսյանի խոսքով՝ ԵՄ շուկան ծավալներով շատ ավելի մեծ է, քան ԵԱՏՄ շուկան, այս հանգամանքը ևս պետք է հաշվի առնել: Նա կարծում է, որ ժամանակի ընթացքում մեր ապրանքները, իհարկե համապատասխան որակական հատականիշների ապահովման պարագայում, իրենց ուրույն տեղը կգրավեն եվրոպական շուկայում, նաև՝ եթե պետական հետևողական աջակցությունը շարունակվի։


Տնտեսագետը կարծում է, որ կառավարության բալանսավորված քաղաքականությունը հիմնվում է հենց այն քաղաքական դրույթների վրա, որ Հայաստանը չպետք է գնա ծայրահեղությունից ծայրահեղություն, այսինքն՝ մեկ բևեռից թեքվի մեկ այլ բևեռ՝ թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական առումով, և այս լույսի ներքո մենք պետք է հասկանանք նաև մեր տնտեսության դիվերսիֆիկացումը։


«Այսինքն՝ եթե ԵԱՏՄ-ն մեր որոշակի ապրանքներ սահմանափակում է տարբեր պատճառաբանություններով, ապա բնականաբար մեր իսկ տնտեսական շահից է բխում, որպեսզի մենք փնտրենք այլ շուկաներ, և դա միանգամայն տրամաբանական է։ Սակայն դա չի նշանակում, որ մենք պետք է ամբողջովին խզենք նույն ԵԱՏՄ-ի հետ  կապերը. մեկը մյուսին չի բացառում։ Եվ hենց այդ նույն բալանսավորված քաղաքականությունը հիմնվում է այն դրույթի վրա, որ բոլորի հետ պետք է առևտրային հարաբերությունները զարգանան,  և մեր տնտեսական շահից ելնելով՝ առավելապես ՀՀ տնտեսական շահը պետք է դիտարկենք։ Իսկ այս պահի դրությամբ մենք տեսնում ենք, որ այդ շահը վտանգված է, քանի որ մեր բազմաթիվ տնտեսվարողներ չեն կարողանում իրենց ապրանքներն արտահանել նախկինում իրենց իսկ ձեռք բերված պայմանավորվածություններով, հետևաբար ՀՀ-ն պետք է դիմի համապատասխան քայլերի»,- ասաց Կարեն Սարգսյանը։


Ըստ Կարեն Սարգսյանի՝ սա որևէ քաղաքական վեկտորի փոփոխություն կամ այլ բան չի ենթադրում, այստեղ ԵՄ-ի անդամություն-ԵԱՏՄ անդամություն հակադրության մասին խոսելը վաղաժամ է, որովհետև ՀՀ-ն դեռևս ԵԱՏՄ անդամ է,  միայն այս առևտրային հարաբերությունների հետ կապված խնդիրները պետք է աշխատել լուծել՝ առավելապես ՀՀ տնտեսական շահին համապատասխան։


Ինչ վերաբերում է նրան, որ համացանցում պտտվում էր այն տեղեկատվությունը, թե Իսպանիա արտահանված ծիրանը ճանապարհին փչացել է, սակայն պարզվեց, որ  ՀՀ-ից Իսպանիա ծիրան դեռ չի արտահանվել, մեր զրուցակիցն ասաց «Կան լրատվամիջոցներ, որոնք սպասարկում են երևի այլ պետությունների շահեր, այլ ուժերի շահեր, որոնք չեն բխում ՀՀ տնտեսական ու քաղաքական շահերից, հետևաբար չճշտված լուրերով, մարդկանց ուշադրությունը գրավելով, ամեն կերպ փորձելով ցեխ նետել այն գործընթացների վրա, որոնք ՀՀ-ում մեկնարկել են, ու որոնք շատ կարևոր են մեր տնտեսության համար, փորձում են նսեմացնել այդ արժեքները, ինչը ընդունելի չէ»։


Խոսելով նաև այն մասին, թե ինչպես պետք է ճիշտ օգտագործել ԵՄ-ի տված հնարավորությունը, տնտեսագետն ասաց, որ ցանկացած աջակցման գործիք ժամանակավոր է, այդ ժամանակը պետք է օգտագործել բիզնես գործընթացները համապատասխանեցնելու համար նոր իրողություններին։

 

Մանրամասները՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան