Մի քանի օր է՝ մեկնարկել են ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերը։ Մասնավորապես Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, որին ներկա էին ՀՀ ֆինանսների նախարարն ու ՊԵԿ նախագահը, Կենտրոնական բանկի նախագահի տեղակալը, «Ուժեղ Հայաստան»-ն ակնհայտորեն շփոթել էր այլ նիստի հետ՝ իրենց առաջնորդ, իրենց վարչապետ Սամվել Կարապետյանի գլխավորած պսևդոկառավարության նիստի հետ։ Ասում, խոսում, հիանում էին միմյանց մտքի գիգանտիզմով, կառավարության ներկայացուցիչներին ուղղված՝ քննարկվող հարցին չառնչվող, բայց իրենց «ուժեղ» հարցերով՝ արհամարհելով հանձնաժողովի աշխատակարգը։ Ընդգծենք, որ նիստի օրակարգում 2026 թվականի առաջին կիսամյակում ՀՀ պետական բյուջեի կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկանքի քննարկումն էր։ Տպավորություն էր, որ «ուժեղները» ոչ թե հանձնաժողովի նիստի են մասնակցում, որտեղ կա ելույթների, հարցերի համար նախատեսված հստակ ռեգլամենտ, այլ՝ «ազատ շփման» ֆորմատով տնտեսագիտական սեմինարի։ Հիշյալ հանձնաժողովի նախագահն, ի դեպ, «Ուժեղ Հայաստան»-ական Լիանա Մանուկյանն է։ Նիստը աշխատակարգից շեղվելով վարելու հանգամանքի մասին ստիպված էին պարբերաբար հիշեցնել հանձնաժողովի ՔՊ-ական անդամները, մասնավորապես հանձնաժողովի փոխնախագահ ընտրված Ծովինար Վարդանյանն ու Էդուարդ Աղաջանյանը։
Ազատ, անբռնազբոս ոճի քննարկման
«թարգը տալու» և աշխատակարգին վերադառնալու ՔՊ-ական հանձնաժողովականների՝ քանիցս հնչեցված հորդորներից հետո միայն, երբ նիստը համարյա ավարտվում
էր, հանձնաժողովի նախագահը հիշեց ժամանակային
սահմանափակման մասին ու նիստը փորձեց վերադարձնել բնականոն ռեժիմ։ Ի դեպ, հնչեց առաջարկ,
որ եթե ուժեղները այդչափ հետաքրքրված են մեր տնտեսության այս կամ այն մտահոգիչ, ոչ
հոգացուցիչ ցուցանիշով, կարող են ազատ ֆորմատի
քննարկում ունենալ ֆիննախի ներկայացուցիչների հետ ու ստանալ իրենց հուզող բոլոր հարցերի
պատասխանները։
Նշենք, որ 2026 թվականի առաջին
կիսամյակում ՀՀ տնտեսական ակտիվությունն աճել է 7,9 տոկոսով` պայմանավորված հիմնականում
ծառայությունների, արդյունաբերության և շինարարության աճերով: Վահե Հովհաննիսյանի խոսքով՝
գյուղատնտեսության ոլորտում արձանագրվել է 11,9 տոկոս անկում, մինչդեռ շինարարությունն
աճել է 24,5 տոկոսով, արդյունաբերությունը՝ 10,8 տոկոսով, ծառայությունները՝ 11 տոկոսով,
իսկ առևտուրը՝ 1 տոկոսով։
Մշտական հանձնաժողովների նիստերն, ի դեպ, աչքի ընկան նաև մեկ այլ յուրահատկությամբ՝
«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամ Էդգար Ղազարյանի ցուցաբերած վարքով։ Նա, մասնակցելով մասնավորապես վերոհիշյալ, ինչպես
նաև Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի հարցերի, Արտաքին հարաբերությունների
հանձնաժողովների նիստերին, որտեղ քննարկվում էին հիշյալ հանձնաժողովների փոխնախագահների
պաշտոնում ՔՊ խմբակցության պատգամավորների թեկնածությունները, կոչ էր անում դեմ քվեարկել
նրանց։ Հայտնի Թուլատի ոճով՝ «այստեղ, այնտեղ և ամենուր» հայտնվող ու գաղջ մթնոլորտ
ապահովող Ղազարյանի կոչին, սակայն, ինչպես ժողովուրդն է ասում՝ բանատեղ դնող չեղավ,
ՔՊ-ական թեկնածուներն ընտրվեցին իրենց պաշտոններում։
Ակնհայտ է, որ «Ուժեղ Հայաստան»-ը
Սերժ Սարգսյանի նախկին կուսակից, նախկին արտակարգ և լիազոր դեսպան Էդգար Ղազարյանին
դիտարկում է որպես «արտակարգ և լիազոր» «կատարածու»,
որի ծառայությունը ԱԺ-ում պետք է լինի ՔՊ-ականների հասցեին փիս-փիս բաներ ասելն ու
կառավարող ուժի «տոնը խանգարելը»։