Առանց մաշկը վնասելու. ՀՎԿԱԿ-ը ներկայացրել է անվտանգ և գեղեցիկ արևայրուք ստանալու ոսկե կանոնները

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը ներկայացրել է գեղեցիկ և անվտանգ արևայրուք ստանալու կանոնները:


 

«Ամառը, ծովը և արևը շատերի համար անբաժան են։ Եթե ցանկանում եք ունենալ գեղեցիկ արևայրուք, կարևոր է հիշել, որ այն պետք է ստանալ աստիճանաբար՝ առանց մաշկին վնաս պատճառելու։


 

Արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների չափազանց երկար ազդեցությունը կարող է վնասել մաշկը, ուստի արևայրուք ընդունելիս հետևեք մի քանի պարզ կանոնների.


 

Արևայրուք ընդունեք աստիճանաբար։ Առաջին օրերին արևի տակ մնացեք 15-20 րոպե, այնուհետև աստիճանաբար ավելացրեք ժամանակը։

 


Նախընտրեք արևայրուք ընդունել մինչև ժամը 11:00-ը կամ 17:00-ից հետո, երբ արևի ճառագայթների ինտենսիվությունն ավելի ցածր է։


 

Օգտագործեք SPF 30 և ավելի բարձր պաշտպանությամբ արևապաշտպան միջոցներ։ Արևապաշտպան քսուքը քսեք արևի տակ դուրս գալուց 15-20 րոպե առաջ և կրկնեք յուրաքանչյուր 2 ժամը մեկ, ինչպես նաև յուրաքանչյուր անգամ լողալուց հետո։


 

Մի մոռացեք խմել բավարար քանակությամբ ջուր, քանի որ արևի տակ օրգանիզմն ավելի արագ է կորցնում հեղուկը։


 

Գլխարկն ու արևային ակնոցը նույնպես կարևոր են, նույնիսկ եթե ցանկանում եք արևայրուք ունենալ։


 

Եթե նկատում եք, որ մաշկը սկսում է կարմրել կամ առաջանում է այրոցի զգացում, տեղափոխվեք ստվեր և դադարեցրեք արևայրուք ընդունելը։ Դա նշան է, որ մաշկն արդեն ստացել է առավելագույն անվտանգ ազդեցությունը։


 

Հիշե՛ք՝ գեղեցիկ արևայրուքը ստացվում է ոչ թե երկար ժամերով արևի տակ մնալու, այլ ճիշտ և անվտանգ արևայրուք ընդունելու շնորհիվ»,- նշվում է հաղորդագրության մեջ։