Ավտովթար-հրդեհ Արարատի մարզում. բեռնատարը վերածվել է մոխրակույտի, վարորդը հիվանդանոցում է

Այսօր՝ հուլիսի 11-ին, ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզի Երասխ գյուղում, կա տուժած։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։


«Ժամը 15։20-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Երասխ գյուղի վարչական տարածքում, բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ծիրանի այգում, ինչի հետևանքով բեռնատարում հրդեհ է բռնկվել։ Վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արարատ» բժշկական կենտրոն»,– գրում է կայքը։



Նշվում է, որ փրկարարները մարել են բեռնատարում բռնկված հրդեհը, սակայն ավտոմեքենան ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի։


Դեպքի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում է ավտոմեքենայի մակնիշը և վիրավոր վարորդի ինքնությունը։


Կայքի տեղեկություններով` կրակն ու ծուխը տեսանելի են եղել մի քանի կիլոմետրից։