ՍԴ դիմած քաղաքական ուժերի նպատակը քաղաքական պերֆորմանսն էր, այլ ոչ թե բուն իրավական գործընթացը։ «Ընտրությունները անվավեր ճանաչելու, քաղաքական մեծամասնության լեգիտիմությունը կասկածի տակ դնելու որևէ հիմք չկա։ ՍԴ-ի քննարկման միակ առարկան, որը աղերս ունի ՍԴ լիազորությունների հետ, ԲՀԿ-ի թեման է, այսինքն՝ արդյոք ԿԸՀ որոշումը եղե՞լ է իրավաչափ, առկա՞ է այստեղ մանդատների վերաբաշխման նոր կարգի սահմանման անհրաժեշտություն, թե՞ ոչ»,- Civic.am-ի հետ զրույցում, անդրադառնալով ընտրությունների վիճարկման գործով ՍԴ կողմից հուլիսի 4-ին հրապարակվելիք որոշմանը, հայտարարեց սահմանադրագետ Արտաշես Խալաթյանը։
Արդյոք ընդդիմությունը, թեև վիճարկում
է ընտրությունների արդյունքերը, հակվա՞ծ է վերցնել մանդատներն ու գնալ ԱԺ։ Սահմանադրագետը
որպես հետընտրական զարգացումներին հետևող անաչառ դիտորդ նկատեց. «Ակնհայտ է, որ ընդդիմությունը ևս առանձնակի հույսեր չի կապում
ՍԴ-ի կողմից հրապարակվելիք որոշման հետ՝ իրենց օգտին լինելու առումով։ Կարծում եմ,
որ մեր քաղաքական մշակույթի, զարգացման տեսանկյունից պետք է բացառել մանդատ չվերցնելու
պարկտիկան։ Ես վերացարկվում եմ նրանից, թե ովքեր են այդ մանդատ չվերցնողները։ Քաղաքական
մշակույթը Հայաստանում պետք է զարգանա պառլամենտարիզմի հունով, ինչը նշանակում է, որ
յուրաքանչյուր քաղաքական ուժ պետք է գիտակցի, որ ավել կամ պակաս չափով ներկայացնում
է հանրային ինչ-որ սեգմենտների։ Ես ընդհուպ վերացարկվում եմ այն հանգամանքից, որ այդ
ուժը իր մանդատները ստացել է ընտրակաշառքով և այլն։ Իրենք պնդում են, չէ՞, որ իրենք
մաքուր այդքան ձայն են ստացել։ Հետևապես, եթե այդպես է, ուրեմն պարտավոր են գնալ խորհրդարան։
Հակառակ պարագայում ցույց կտան, որ ինչ-որ կոնյունկտուրայի շուրջ ձևավորված անձանց
խմբավորում են, այլ ոչ թե քաղաքական ուժ։ Իսկ քաղաքական ուժը նախ պետք է գործի պերմանենտ,
այլ ոչ թե մեկ ընտրության շուրջ ձևավորված քաղաքական պրոյեկտ լինի։ Եվ երկրորդ՝ դա
կլինի անպատասխանատու քաղաքական վարք։ Դա փաստացի ցույց կտա, որ Հայաստանում թեպետ
8 տարի է՝ գործառնում է խորհրդարանական կառավարման համակարգը, բայց մենք բավականաչափ
հեռու ենք պառլամենտական կառավարման էության ընկալումից»։
Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանին
հեռացնելու ընդդիմության գաղտնի պլանին, որի մասին օրերս հայտարարեց Սամվել Կարապետյանը,
ապա, ըստ Խալաթյանի․ «Նման պլան ունենալու
մասին հայտարարությունը դեմքը փրկելու միջոց է։ Այդ հայտարարությանը ես լուրջ չեմ վերաբերվում։
Նախ՝ գաղտնի պլանի մասին չեն հայտարարում, այդքանով այդ պլանն արդեն մասամբ դադարում է գաղտնի լինելուց։ Նույնիսկ
ամենաիմաստուն, հանրաճանաչ քաղաքական գործիչների խոսքը զերծ չի լինում լապսուսներից,
սուտ, չմտածված խոսույթից։ Գործարար, քաղաքական գործիչ Կարապետյանն էլ բացառություն չէ»։
Եթե ընդդիմությունը որոշի չվերցնել մանդատները, խորհրդարանի
աշխատանքի վրա դա ինչպե՞ս կազդի՝ հարցին մեր զրուցակիցն արձագանքեց՝ վերցնեն մանդատները, թե ոչ՝ խորհրդարանի աշխատանքը
լինելու է թերի, քանի որ գործ ունենք երկու
հակոտնյա քաղաքական ուղղվածություն ունեցող
ուժերի հետ՝ կառավարող ուժի և ընդդիմադիր երկու ուժերի։ «Ունենք առերևույթ կասկածելի
ճանապարհներով մանդատներ ստացած ընդդիմություն։ Այդ ընդդիմությունը կվերցնի մանդատները,
թե ոչ՝ կարող ենք առերևույթ արձանագրել՝ ունենք ընդդիմության դատարկ բազկաթոռներ, կիսատ
լեգիտիմությամբ խորհրդարան, լեգիտիմ է միայն քաղաքական մեծամասնությունը»։
Ինչ վերաբերում է «Ուժեղ Հայաստան»-ի առաջնորդի այն հայտարարությանը,
թե՝ «եթե Վարդևանյանը մի քիչ էլ գազ տա, ՍԴ-ն կարող է որոշում արձակի, որ ես եմ ՀՀ
վարչապետը», Խալաթյանը լուսավորեց՝ ՍԴ-ն չի կարող իր լիազորություններից դուրս գալ
ու ինչ-որ մեկին վարչապետ թագադրել՝ որքան էլ ինչ-որ մեկը «գազ տա» կամ չտա։
Արտաշես Խալաթյանի հետ զրուցել ենք նաև Սամվել Կարապետյանի՝
Կիպրոսի Հանրապետության և ՌԴ քաղաքացիությունների հրաժարման գործընթացի և այլ հարակից
հարցերից։
Արտաշես Խալաթյանի հետ զրույցի մանրամասները՝ տեսանյութում։
Հեղինե Մանուկյան