Factor.am-ը գրում է․ Սահմանադրական դատարանը շարունակում է հավաքել ընտրական գործընթացի վերաբերյալ լրացուցիչ տվյալներ․ հունիսի 7-ի Ազգային ժողովի ընտրությունների արդյունքները վիճարկող 7 քաղաքական ուժերի դիմումների շրջանակում դատարանը երկու նոր որոշում է կայացրել։ Դրանցից մեկով ՍԴ-ն Ազգային անվտանգության ծառայությունից պահանջել է մանրամասն տեղեկատվություն ներկայացնել Հայաստանի սահմանահատումների վերաբերյալ։
Դատարանին հետաքրքրում է, թե որքան ՀՀ քաղաքացի է մուտք գործել և դուրս եկել երկրից ընտրություններին նախորդած, ընտրությունների ընթացքում և դրանց հաջորդած օրերին։ Մասնավորապես, ԱԱԾ-ն պետք է ներկայացնի մայիսի 25-ից հունիսի 14-ն ընկած ժամանակահատվածում Հայաստան մուտք գործած, ինչպես նաև մայիսի 31-ից հունիսի 20-ն ընկած ժամանակահատվածում երկրից դուրս եկած 18 տարին լրացած ՀՀ քաղաքացիների թվաքանակը։
Այդ տվյալները համադրվելու են 2025 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշների հետ՝ հնարավոր տարբերությունները գնահատելու նպատակով։ Մյուս որոշմամբ Սահմանադրական դատարանը մասնակի բավարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի միջնորդությունը և լրացուցիչ տեղեկություններ պահանջել Կենտրոնական ընտրական հանձնաժողովից ու Ներքին գործերի նախարարությունից։ Այն վերաբերում է ընտրություններին մասնակցած 16 հազար 738 ընտրողների խմբին, որոնց անձնական տվյալներն ու քվեարկության վայրերը պահպանվել են գաղտնիության ռեժիմով։
ՍԴ-ն պահանջել է պարզաբանել, թե ովքեր են եղել այդ ընտրողները, նրանցից քանիսն են պատկանել 18-23 տարեկան տարիքային խմբին, ինչպես նաև ինչ վերահսկողական մեխանիզմներ են գործել՝ բացառելու համար կրկնակի կամ բազմակի քվեարկության հնարավորությունը։ Դատարանը նաև ցանկանում է պարզել, թե ինչու է ընտրությունների օրը 79 հազար 125 դեպքում ընտրողների տվյալները տեխնիկական սարքավորման մեջ մուտքագրվել ձեռքով։
ՍԴ-ն ԿԸՀ-ից պահանջել է ներկայացնել, թե ինչ հանգամանքներով է պայմանավորված եղել տվյալների նման ծավալով ձեռքով ներմուծումը, ինչ փաստաթղթերի հիման վրա է այն իրականացվել և ինչպես է ապահովվել ընտրողների նույնականացման ու ընտրական գործընթացի վերահսկողության պատշաճ մակարդակը։