Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը կարևոր միջազգային ձեռքբերում է գրանցել՝ դառնալով Հայաստանում առաջին համալսարանը, որի կրթական ծրագիրը միացել է CFA Institute-ի Համալսարանական համագործակցության ծրագրին (University Affiliation Program)։
CFA Institute-ը ներդրումային
մասնագետների համաշխարհային առաջատար կազմակերպությունն է, որը սահմանում է մասնագիտական
գերազանցության և էթիկական վարքագծի չափանիշները ֆինանսական ոլորտում։ Աշխարհում գործում
են ավելի քան 200,000 CFA այսպես կոչված՝ Charterholder-ներ՝ 164 երկրներում, իսկ
CFA որակավորումը համարվում է ներդրումների և ֆինանսների ոլորտի ամենահեղինակավոր մասնագիտական
հավաստագրերից մեկը։ Ըստ Modex խորհրդատվական
ընկերության հրապարակման, մեկ միլիոն բնակչի հաշվով CFA սերտիֆիկատ ունեցող մասնագետների թվով Հայաստանը առաջատար է ԱՊՀ-ում։
CFA Institute-ի կողմից
իրականացված համապարփակ գնահատման արդյունքում ՀՊՏՀ-ի «Ֆինանսներ» բակալավրի կրթական
ծրագիրը ճանաչվել է որպես CFA Program-ի բովանդակությանն էականորեն համահունչ ծրագիր՝
ապահովելով ուսանողների պատրաստվածությունը ֆինանսների, ներդրումների, բանկային գործի
և կապիտալի շուկաների ոլորտներում հետագա մասնագիտական զարգացման համար։
CFA Institute-ը բարձր է
գնահատել ծրագրի համապատասխանությունը մի շարք առանցքային ուղղություններով, այդ թվում՝
մասնագիտական էթիկայի, քանակական մեթոդների, տնտեսագիտության, ֆինանսական հաշվետվությունների
վերլուծության, կորպորատիվ ֆինանսների, բաժնային և պարտատոմսային ներդրումների, ածանցյալ
գործիքների և ներդրումային պորտֆելների կառավարման ոլորտներում։
Հավատարմագրումը ՀՊՏՀ-ին
հնարավորություն է տալիս միանալ CFA Institute-ի գործընկեր համալսարանների միջազգային
ցանցին, որի անդամ են աշխարհի առաջատար բուհերը, որոնք պատրաստում են ֆինանսների և
ներդրումների ոլորտի մասնագետներ։ Համալսարանական համագործակցության ծրագրին միանալու
կարևորագույն առավելություններից է CFA Institute-ի ուսանողական կրթաթոշակներին հասանելիությունը։
2026 թվականի համար ՀՊՏՀ-ին
հատկացվել է 3 CFA Program Student Scholarship, որոնք հնարավորություն
են տալիս ուսանողներին արտոնյալ պայմաններով մասնակցել CFA ծրագրին և սկսել իրենց ճանապարհը
դեպի աշխարհի ամենահեղինակավոր ֆինանսական մասնագիտական որակավորումներից մեկը՝
Chartered Financial Analyst (CFA)։ CFA
Program Student Scholarship կրթաթոշակը նվազեցնում է CFA քննության գրանցման վճարը
մինչև 600 ԱՄՆ դոլար և ազատում է ծրագրին միանալու միանվագ վճարից, ինչը նոր թեկնածուների
համար ապահովում է շուրջ 1000 ԱՄՆ դոլարի արտոնություն։
ՀՊՏՀ-ի անդամակցությունը
CFA Institute University Affiliation Program-ին վկայում է համալսարանի հանձնառությունը՝
ապահովելու միջազգային չափանիշներին համապատասխան կրթություն և պատրաստելու մրցունակ
մասնագետներ ինչպես Հայաստանի, այնպես էլ միջազգային աշխատաշուկայի համար։