Ֆրանսիական «Թալեսը» և հայկական «ԲուՏեխը» ռազմավարական գործընկերություն են հաստատել

Մեծ ձեռքբերում ՀՀ ռազմարդյունաբերական համալիրի համար: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը՝ նշելով. 


 

«Ողջունում եմ ֆրանսիական «Թալես» և հայկական «ԲուՏեխ» ընկերությունների միջև ռազմավարական գործընկերության մասին հայտարարությունը։

 


 

Հայաստանի բարձր տեխնոլոգիական և պաշտպանական արդյունաբերության համար նման համաշխարհային առաջատարի հետ համագործակցությունը չափազանց կարևոր ազդակ է․ հայկական ընկերությունները հետզհետե ավելի մեծ կարողություն են ցուցաբերում լուծումներ մշակելու, բարդ համակարգեր ինտեգրելու և միջազգային չափանիշներին համապատասխանելու գործում։


 

Կարևոր է ընդգծել, որ այս իրադարձությունները հաջորդում են Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Ֆրանսիայի Հանրապետության պաշտպանության նախարարության միջև պաշտպանական արդյունաբերության ոլորտում մայիսի 5-ին Երևանում ռազմավարական փաստաթղթի ստորագրմանը։ «Թալես» - «ԲուՏեխ» գործընկերությունը կնպաստի Հայաստանում բարձր որակավորում պահանջող աշխատատեղերի ստեղծմանը, կխորացնի ՀՀ-Ֆրանսիա ռազմական և տեխնոլոգիական համագործակցությունը, և կամրապնդի մեր երկրների միջև ռազմավարական փոխգործակցությունը»։