ՀՀ-ից պտուղ-բանջարեղեն և ծաղիկներ արտահանողներին փոխհատուցում կտրամադրվի

ՀՀ կառավարությունը հաստատել է ջերմատնային արտադրության թարմ պտուղբանջարեղենի և ծաղիկների արտահանման աջակցության ծրագիրը։


Որոշման ընդունումը պայմանավորված է Ռուսաստանի Դաշնության կողմից կիրառվող սահմանափակումների պայմաններում արտահանման շուկաների դիվերսիֆիկացման և արտահանող տնտեսավարողներին պետական աջակցություն տրամադրելու անհրաժեշտությամբ։


Ծրագրի շրջանակում նախատեսվում է 2026 թվականի հունիս ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունից արտահանված ջերմատնային արտադրության թարմ պտուղբանջարեղենի և ծաղիկների համար տնտեսավարողներին տրամադրել հետևյալ չափերով փոխհատուցում․


• ելակի յուրաքանչյուր կիլոգրամի համար՝ 770 դրամ,

• լոլիկի յուրաքանչյուր կիլոգրամի համար՝ 275 դրամ,

• պղպեղի յուրաքանչյուր կիլոգրամի համար՝ 400 դրամ,

• ծաղիկի յուրաքանչյուր հատի համար՝ 37 դրամ։


Որոշման հիմնավորման համաձայն՝ 2025 թվականին Հայաստանից թարմ պտուղբանջարեղենի և ծաղիկների արտահանման ընդհանուր ծավալը կազմել է շուրջ 72,9 մլրդ դրամ։ Արտահանման ընդհանուր ծավալի 93,3 տոկոսը բաժին է ընկել Ռուսաստանի Դաշնությանը։


Արտահանման դինամիկայի վերլուծությունը ցույց է տալիս, որ 2026 թվականի հունիսին ծրագրի շրջանակում արտահանման ենթակա ջերմատնային արտադրանքի ծավալը կկազմի շուրջ 4 250 տոննա, իսկ ծաղիկների արտահանման ծավալը՝ մոտ 10 միլիոն հատ։