«Եթե ընդհանուր գնահատական հնչեցնեմ,
կասեմ, որ բավականին պոզիտիվ, դրական քարոզարշավ ենք իրականացնում, ժողովրդից մեծ աջակցություն
ու սեր ենք ստանում յուրաքանչյուր համայնքում։ Իսկ ընդդիմադիրների խոսույթն այս ընթացքում
գնալով ավելի բացասական է դառնում ընդհանուր առմամբ, արդեն սկսել են հայհոյանքի լեզվով
խոսել, արդեն սկսել են ատելության խոսքով հանդես
գալ»,- ներկայացնելով քարոզարշավի ընթացքից ընդհանուր տպավորությունը՝ ասաց ԱԺ «Քաղաքացիական
պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը։
Խոսելով այն մասին, որ այսօր
ղարաբաղցու ակցենտով մի քանի դիմակավորված ու զինված մարդիկ սպառնացել են վարչապետին,
պատգամավորն ասաց՝ շատ վատ է զգում, այդ մարդիկ կարծես հանդես են գալիս ԼՂ-ից բռնի
տեղահանվածների անունից, բայց վստահեցնում է, որ ոչ բոլորն են կիսում նրանց կարծիքը։
«Մենք երբևէ որևէ մեկի հետ պարզ
խոսելու, դեմքին նայելու, հաղորդակցվելու, բովանդակային խոսույթի մեջ մտնելու խնդիր
չենք ունեցել։ Եվ ինչպես տեսնում եք, մինչև քարոզարշավն էլ ենք մենք նախաձեռնել այդպիսի
հանդիպումներ, և նման կարգավիճակով հանդես գալը՝ զենքերով ու մասկաներով… եթե տենց
ուժեղ տղաներ եք, պարզ եկեք խոսենք ու պարզաբանենք՝ ինչն է ձեր կռիվը»,- նշեց պատգամավորը։
Ռոբերտ Քոչարյանը երեկ նախընտրական
հանդիպման ժամանակ ասել է. «Պատկերացրեք, թե ինչ ապրումներով մենք պետք է գնանք այդ
քվեաթերթիկը վերցնելուց, որը շփում է ունենալու արյունոտ քվեաթերթիկի հետ։ Դրանով էլ
կանցնենք»։ Այս առնչությամբ պատգամավորն ասաց, որ ինքը դադարում է զարմանալ, որովհետև
Ռոբերտ Քոչարյանը խոսում է առհասարակ էն բաներից, որի հիմնադիրը ինքն է եղել։
«Արտագաղթի
հիմնադիրն ինքն է եղել, արյունոտ տասը տարիներն իրեն են վերագրված, առհասարակ մարդիկ
ատելություն ունեն այս մարդու հանդեպ։ Եվ մարդը խոսում է անվտանգային թեմաներից, մարդը
խոսում է այնպիսի թեմաներից, որ կոնկրետ իրեն են վերագրվել։ Մարդիկ իր կառավարման տարիներին
«Հոկտեմբերի 27» ու «Մարտի 1» են տեսել»,- հավելեց պատգամավորը։
Մանրամասն՝ տեսանյութում
Լիլիթ Թադևոսյան