Թմրանյութ տեղադրելու պահին 27-ամյա երիտասարդ է ձերբակալվել․ հայտնաբերվել է 122 փաթեթ թմրամիջոց

ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ Քրեական ոստիկանության Արագածոտնի մարզային վարչությունում օպերատիվ տվյալներ էին ստացվել, ըստ որոնց՝ Էջմիածնի 27-ամյա բնակիչը պատրաստվում էր իրացման նպատակով թմրամիջոցներ տեղադրել Աշտարակ քաղաքի տարբեր հատվածներում։



Օգոստոսի 18-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում երիտասարդը ձերբակալվեց Նոր Երզնկա տանող ճանապարհին՝ հենց թմրանյութը տեղադրելու պահին։ Նա իր վարած ավտոմեքենայով տեղափոխվեց ոստիկանական վարչություն, իսկ տրանսպորտային միջոցը կնիքվեց և տեղափոխվեց պահպանվող հատուկ տարածք։



Քրեական վարույթի շրջանակում դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվեց արդեն իսկ տեղադրված 9 փաթեթ՝ շուրջ 30 գրամ ընդհանուր քաշով։



Այնուհետև, դատարանի որոշման հիման վրա, խուզարկություն իրականացվեց երիտասարդի ավտոմեքենայում։ Հայտնաբերվեց տարբեր գույների կպչուն ժապավեններով փաթաթված 113 փաթեթ (մոտ 200 գրամ), մոխրացած հետքերով կաթուցիչ, 1,5 միլիոն դրամ, ինչպես նաև ատրճանակ, որը, ըստ ձերբակալվածի, գազային է։



27-ամյա երիտասարդը կալանավորվել է, դեպքի բոլոր հանգամանքները պարզվում են։