Գնել Սանոսյանը Մումբայում հանդիպել է Հնդկաստանի արտահանման-ներկրման բանկի գլխավոր մենեջեր Նիրմիթ Վեդի հետ
Մումբայում հանդիպել եմ Հնդկաստանի արտահանման-ներկրման բանկի (Export-Import Bank of India) գլխավոր մենեջեր Նիրմիթ Վեդի (Nirmit Ved) հետ․ ֆեյսբուքի իր էջում գրել է ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։

Հանդիպմանը ներկա են եղել նաև Մումբայ ժամանած հայկական պատվիրակության անդամ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը, ինչպես նաև Հնդկաստանում ՀՀ դեսպան Վահագն Աֆյանը։

Քննարկել ենք Հայաստանի Հանրապետությունում ենթակառուցվածքային մի շարք ծրագրերի, մասնավորապես՝ ճանապարհաշինական և դպրոցաշինական ծրագրերում հնդկական կողմի ֆինանսական, խորհրդատվական և շինարարական մասնակցության գործնական հնարավորությունները։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել գործնական քննարկումները շարունակել նաև հնդկական ընկերությունների տեխնիկատնտեսական հիմնավորումների և ծրագրերի նախագծերի կազմման հնարավորությունների շուրջ։