Ձերբակալվել են թմրամիջոցների փաթեթներ տեղադրող երիտասարդ տղամարդ ու կին

Մուշի համայնքային ոստիկանները ձերբակալել են թմրամիջոցի փաթեթներ տեղադրող երիտասարդներին։


Ապրիլի 8-ին Համայնքային ոստիկանության Մուշի բաժնի ծառայողները ստացել են տեղեկություն, որ տղամարդ ու կին «Սուզուկի» մակնիշի մեքենայով շրջում և Գյումրիի տարբեր վայրերում տեղադրում են թմրամիջոցով փաթեթներ։


Հետագա միջոցառումներով համայնքային ոստիկանները մեքենան հայտնաբերել են Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրի հետնամասում և նկատել, որ տղամարդն ու կինն իջնում են մեքենայից, ուսումնասիրում տարածքը, բջջային հեռախոսով նկարում ու կրկին նստում մեքենան, հայտնում են ոստիկանությունից։


«Ապրիլի 8-ին՝ ժամը 16-ին, համայնքային ոստիկանները ձերբակալում են Կոտայքի մարզի Արագյուղի բնակիչ 26-ամյա տղամարդուն և Արարատի մարզի Նոր Խարբերդի բնակիչ 24-ամյա կնոջն ու մեքենայով հանդերձ տեղափոխում բաժին։


Ավտոմեքենան պահպանվող հատուկ տարածքում կնիքվել է։


Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննչական գործողության ընթացքում 26-ամյա տղամարդը հուշահամալիրի հետնամասի տարբեր հատվածներից ներկայացրել է արդեն տեղադրված չորս փաթեթ և հայտնել, որ դրանց մեջ մարիխուանա է, որը ձեռք են բերել տելեգրամյան կայքէջի միջոցով՝ իրացնելու նպատակով։


Դատարանի որոշմամբ՝ «Սուզուկի» մակնիշի մեքենայում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է կարմիր ու դեղին գույնի 21 փաթեթ։ Ըստ 26-ամյա տղամարդու՝ դրանցում նույնպես մարիխուանա է, որոնք պետք է տեղադրեին Գյումրիի տարբեր տարածքներում։


26-ամյա տղամարդն ու 24-ամյա կինը կալանավորվել են։


Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են»,- նշվում է հաղորդագրության մեջ։