Կան նշաններ, որ Պարսից ծոցի ճգնաժամը վերաճում է ավելի լայնածավալ հակամարտության: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Միջազգային հարցերով ռուսական խորհրդի Ընդհանուր ժողովում:
«Այն, ինչ մենք տեսնում ենք այժմ, ունի ավելի
լայնածավալ հակամարտության վերածվելու նշաններ, որը որոշները արդեն կնքել են «նոր
համաշխարհային պատերազմ» անվամբ»,- ասել է նա։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն ու Իսրայելը փորձում են
Պարսից ծոցի արաբական պետություններին տրամադրել Իրանի դեմ։
«ԱՄՆ-ն ու Իսրայելը փորձում են թույլ չտալ
Իրանի և նրա հարևանների միջև հարաբերությունների կարգավորումը և նույնիսկ դրդել Ծոցի
արաբական պետությունների համագործակցության խորհրդի անդամներին Իսլամական
Հանրապետության դեմ»,- ասել է Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարը։
Լավրովը նաև ընդգծել է, որ Ռուսաստանը
պատրաստ է միջնորդություն և այլ օգնություն ցուցաբերել Պարսից ծոցի ճգնաժամը
դիվանագիտական միջոցներով կարգավորելու համար։
«Մենք անընդունելի ենք համարում ռազմական
ուժի կիրառումը քաղաքացիական անձանց և քաղաքացիական ենթակառուցվածքների դեմ, որտեղ
էլ որ նրանք լինեն՝ Իրանում կամ Պարսից ծոցի համագործակցության խորհրդի
պետություններում, որոնք նույնպես լուրջ և բացասական հետևանքներ են կրում այս
իրավիճակից։ Եվ մենք պատրաստ ենք միջնորդություն և այլ օգնություն ցուցաբերել
հակամարտության կողմերին՝ իրավիճակը քաղաքական-դիվանագիտական հուն վերադարձնելու հարցում ուղիներ գտնելու ջանքերում»,- ասել է
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը։