Ավելի քան 100 հազար մարդ հանկարծ վեր կացավ, թողեց ամեն ինչ և ինչի՞ համար, որ պայքարել էր տասնամյակներ, կամավոր որոշեց գնա՞լ. անհավատալի է. ՄԱԿ-ի դատարանում քննվում է ՀՀ-ն ընդդեմ Ադրբեջանի հայցը
ՄԱԿ-ի միջազգային քրեական դատարանում Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով ՀՀ ներկայացուցիչը դատարանին ներկայացրեց պատճառները, թե ինչո՞ւ են ԼՂ հայերը մեկ օրում, հապճեպ, մեկ մարդու նման հեռացել ԼՂ-ից։

ՀՀ ներկայացուցիչը հիշեցրեց Ալիևի խոսքերը, որտեղ վերջինս հայերի մասին ասում էր, որ հայերը շներ են, որոնց պետք է քշել Ղարաբաղից։ Նաև նշեց, որ Ադրբեջանում ակտիվորեն տարածվում է հայաֆոբիա։

Հայաստանի ներկայացուցիչը հիշեցրեց նաև Ռամիլ Սաֆարովի մասին, ով արտահանվելուց հետո Ալիևի կողմից ներում ստացավ, բարձրացվեցին նրա կոչումն ու աշխատավարձը՝ հայ սպանելու համար։ Բացի դրանից, հիշեցրեց նաև 2020 թվականի վայրագությունները՝ կատարված Ադրբեջանի կողմից։

Այս քայլերից հետո Ադրբեջանը փակեց Լաչինի միջանցքը։ «Ադրբեջանը շնչահեղձ արեց ԼՂ էթնիկ հայերին։ Հայերին, որոնց նա համարում է իր բնակիչներ»,- ասաց ՀՀ ներկայացուցիչը։

Նա հիշեցրեց նաև, որ ադրբեջանցի զինվորականները պարբերաբար կրակում էին ԼՂ հայերի ուղղությամբ՝ գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս, որոնց ընթացքում նաև զոհեր եղան։ 

Ապա, երբ Աղդամի և Լաչինի ճանապարհով երկարատև դադարից հետո ԼՂ մտավ հումանիտար բեռ, հաջորդ օրն իսկ Ադրբեջանը ռազմական նոր գործողություն սկսեց հայերի դեմ՝ անվանելով դա հակաահաբեկչական գործողություն։

ՀՀ ներկայացուցիչը դատարանի ուշադրությունը հրավիրեց հանգամանքին, որ ՀՀ արտգործնախարարությունը մինչ այդ զգուշացնում էր Ադրբեջանի ապատեղեկատվական արշավի մասին, որը վկայում էր նոր հարձակման մասին։ Բացի դրանից, զորքեր էին կուտակվել նաև ՀՀ սահմաններին. սա ևս ՀՀ ներկայացուցիչը գնահատեց որպես պլանավորված գործողություն։

Նա նաև նշեց, որ Ադրբեջանը թույլ չէր տալիս միջազգային կազմակերպություններին մուտք գործել Լեռնային Ղարաբաղ։ 

ՀՀ ներկայացուցիչը գուշակեց, որ Ադրբեջանի ներկայացուցիչը իր ելույթում, հավանաբար, կմեջբերի ՀՀ վարչապետ Փաշինյանի հայտարարությունը, որով ասել է, որ «այս պահի դրությամբ ԼՂ էթնիկ հայերին ուղղակի վտանգ չի սպառնում», և ասաց, որ այդ պահին վստահելի տեղեկատվություն չի եղել, բացի դրանից, վարչապետը հետագայում բացատրել է իր այդ հայտարարությունը՝ նշելով, որ իր հայտարարության մոտիվացիան այն է եղել, որ էլ ավելի չվատթարացնի իրավիճակը և չնպաստի էթնիկ հայերի դեմ սպառնալիքները։ 

«Ադրբեջանը պնդում է, որ այս 100 հազարավոր հայերը կամավոր են հեռացել։ Օրվա երկրորդ կեսին, հավանաբար, մենք սա՛ կլսենք։ Ավելի քան 100 հազար մարդ հանկարծ վեր կացավ, թողեց ամեն ինչ և ինչի՞ համար, որ պայքարել էր տասնամյակներ, պարզապես կամավոր որոշեց գնա՞լ. անհավատալի է»,- ասաց ՀՀ ներկայացուցիչը։ 

Նա նաև նկատեց, որ ԼՂ էթնիկ հայերը ճիշտ էին, երբ որոշեցին արագ հեռանալ Ղարաբաղից. «Հարձակումից օրեր անց Ադրբեջանը սկսեց ձերբակալել ԼՂ ռազմական և քաղաքական դերակատարներին, այդ թվում՝ ԼՂ նախկին երեք նախագահներին։ Բացի դրանից, ադրբեջանցիների կողմից դեռևս 300 անձ գտնվում է հետախուզման մեջ»,- ասաց ՀՀ ներկայացուցիչն ու արձանագրեց նաև, որ Ադրբեջանը անվանափոխել է նաև Ստեփանակերտի փողոցները, որոնցից մեկը անվանակոչվել է Էնվեր Փաշայի անունով։

Նա նաև դատարանի ուշադրությունը հրավիրեց հանգամանքին, որ վերացվում են նաև հայկական մշակութային կոթողները՝ վերացնելու համար հայկական հետքը։

ՀՀ ներկայացուցիչը վկայակոչեց նաև հոկտեմբերի 5-ի Եվրոպական խորհրդարանի գնահատականը, որի ընդունած  բանաձևի մեջ ասված է, որ կատարվածը էթնիկ զտում է, ու պետք է միջոցներ ձեռնարկվեն՝ հնարավորություն տալու ԼՂ հայերին վերադառնալ իրենց տներ։