Ավելի քան 30.000 երեխա երկու շաբաթ առաջ ստիպված է եղել լքել իր տունը՝ ռազմական գործողությունների պատճառով: Հայաստանում ապաստան գտած երեխաների մոտ նկատվում են սուր հոգեբանական սթրեսի նշաններ։ Առանց անհապաղ աջակցության նրանց հոգեկան առողջությունը կարող է վատթարանալ: Այս մասին հայտարարել է ՅՈՒՆԻՍԵՖ միջազգային կազմակերպությունը՝ անդրադառնալով ԼՂ-ից բռնի տեղահանված երեխաների խնդիրներին:
«Այժմ մենք տեսնում ենք, թե այս երեխաները որքան շատ են տուժել։ Տեղահանումները և ռազմական գործողությունները՝ զուգորդված զրկանքներով, խիստ ազդել են նրանց ֆիզիկական և հոգեկան առողջության, ինչպես նաև հոգեբանական բարեկեցության վրա: Երեխաները երկար տարիներ կտառապեն այս անասելի տագնապալի իրադարձությունների հետևանքներից, եթե չստանան մշտական աջակցություն»: