Civic. am-ը դատարանում հաղթեց Սամվել Կարապետյանին

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը մերժել է Սամվել Կարապետյանի հայցն ընդդեմ civic. am լրատվականի, որով պահանջվում էր հրապարակային ներողություն, հերքում և 9.000.000 ՀՀ դրամի փոխհատուցում։

 

Հայցը վերաբերում էր civic. am լրատվականի կողմից 2025 թվականի հունիսի 17-ից մինչև հուլիսի 3-ը հրապարակված ութ հոդվածների, որոնցում ներկայացված էին քննադատական անդրադարձներ Սամվել Կարապետյանի գործունեության վերաբերյալ։

 

Դատարանը ընդունեց պաշտպանական կողմի այն փաստարկը, որ նշված հրապարակումները կրել են պատասխանելու և արձագանքելու բնույթ և չեն պարունակել զրպարտչական կամ վիրավորական արտահայտություններ։

 

Արդյունքում դատարանը չընդունեց հայցվորի ներկայացրած հիմնավորումները և արձանագրեց, որ civic. am լրատվականում հրապարակված հոդվածներում բացակայում են զրպարտության և վիրավորանքի տարրեր։

 

Միաժամանակ դատարանն ընդգծեց, որ վիճելի արտահայտությունները իրենց համատեքստում հանդիսանում են քաղաքական խոսք, որը խոսքի ազատության տեսանկյունից օգտվում է պաշտպանության առավել բարձր աստիճանից։

 

Civic. am լրատվականի շահերը դատարանում պաշտպանել է «AM» իրավաբանական ընկերության փաստաբան Արման Ներսիսյանը։