Իրանում ընթացող պատերազմի մեջ կարող են ներքաշվել Հարավային Կովկասի, Ասիայի և Եվրոպայի երկրները․ Էրդողան

ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմն Իրանի դեմ կարող է ընդլայնվել՝ ներառելով Թուրքիան, Պարսից ծոցի երկրները, Ասիան, Հարավային Կովկասը և Եվրոպան։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ երկրում հավատարմագրված դիվանագետների համար կազմակերպված իֆթարի ժամանակ։


Նա ընդգծել է, որ Թուրքիան կանի հնարավոր ամեն ինչ՝ կանխելու այլ երկրների ներգրավումն այս հակամարտության մեջ և տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն հաստատելու համար։


Թուրքիայի նախագահը նշել է, որ Անկարան դատապարտել է իրանական անօդաչուների հարձակումները Ադրբեջանի վրա. 

«Մենք բազմիցս ասել ենք, որ Իրանի հարձակումները տարածաշրջանի այլ երկրների, առաջին հերթին՝ Ադրբեջանի վրա, սխալ են»։


Էրդողանի խոսքով՝ ԱՄՆ-ի, Իսրայելի և Իրանի միջև ընթացող ներկայիս պատերազմի հետևանքները կզգա ամբողջ աշխարհը։


Նախագահը զգուշացրել է, որ հակամարտության աշխարհագրության ընդլայնումը սպառնում է Հարավային Կովկասի և Եվրոպայի կայունությանը։