«Մենք թիրախավորում ենք ոչ թե մեր հարևան երկրներին, այլ հակառակորդների ռազմաբազաներին». Իրանի ԱԳՆ-ն՝ Նախիջևանի վրա հարձակման մասին

Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին AnewZ հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ Իսլամական Հանրապետությունը չի հարվածել Ադրբեջանին՝ այսօր՝ մարտի 5-ին, Նախիջևանի միջազգային օդանավակայանի վրա անօդաչու թռչող սարքերի հարձակումների մասին հաղորդագրությունների ֆոնին։


«Մենք չենք թիրախավորում մեր հարևան երկրներին»,- հայտարարել է Ղարիբաբադին։


Նա հավելել է, որ Իրանի քաղաքականությունը հարվածելն է միայն իր հակառակորդների ռազմական բազաներին, այդ թվում՝ Միացյալ Նահանգների և «սիոնիստական ​​ռեժիմի», որոնք, նրա պնդմամբ, ակտիվություն են դրսևորում տարածաշրջանում և օգտագործվում են իրանցի խաղաղ քաղաքացիների վրա հարձակվելու համար։


«Որովհետև մենք ի սկզբանե հայտարարել ենք. եթե տարածաշրջանում կան ինչ-որ ռազմական բազաներ, և դրանք օգտագործվում են Իրանի վրա հարձակվելու համար, մենք կհարվածենք դրանց։ Այսպիսին է մեր քաղաքականությունը»,- ասել է Ղարիբաբադին։