Իրանի գործողությունները կարող են տարածաշրջանում բազմաճակատ պատերազմ հրահրել. Ֆիդան

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Իրանի կողմից առանց տարբերակման տարածաշրջանի մի շարք երկրների հասցվող հարվածները «անհավանական սխալ ռազմավարություն» են։


TRT Haber-ին տված հարցազրույցում Ֆիդանը նշել է, որ խոսքը վերաբերում է Օմանին, Քաթարին, Քուվեյթին, Բահրեյնին, Սաուդյան Արաբիային, Արաբական Միացյալ Էմիրություններին և Հորդանանին։


«Եթե սա շարունակվի որոշակի կետից ավելի, նրանց համար անհնար կլինի լռել»,- ասել է Թուրքիայի ԱԳ նախարարը՝ ընդգծելով, որ տարածաշրջանը ներկայում չափազանց ծանր օրեր է ապրում։


Ֆիդանի խոսքով՝ իրավիճակը կարող է վերածվել բազմաճակատ հակամարտության, եթե Իրանի կողմից հարձակման ենթարկված երկրները օգտվեն պատասխան հարվածի իրենց իրավունքից։


«Անկեղծ ասած՝ սա մեզ անհանգստացնում է։ Մեր գնահատականներով՝ պատերազմը կարող է վերածվել մի քանի ճակատով հակամարտության»,- նշել է նա։


Թուրք դիվանագետը հավելել է, որ տարածաշրջանը վերջին երկու տասնամյակների ընթացքում արդեն կրել է մեծ ցավ և պատերազմներ, իսկ ներկայիս հակամարտությունը չի սահմանափակվում միայն Իրանով։


Ֆիդանի գնահատմամբ՝ երբ Թեհրանը կանգնում է էկզիստենցիալ սպառնալիքի առաջ, որդեգրում է «եթե ես ընկնեմ, ինձ հետ կտանեմ տարածաշրջանը» մոտեցումը՝ թիրախավորելով հատկապես էներգետիկ ենթակառուցվածքները, որոնք կարևոր նշանակություն ունեն համաշխարհային տնտեսության և էներգետիկ անվտանգության համար։