Ինչ խախտումներ է արձանագրել տեսչական մարմինը բենզինի, դիզվառելիքի և հեղուկ գազի լիցքավորման կետերում. մանրամասներ

Ընթացիկ տարում ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ստուգումների տարեկան ծրագրով 600 տնտեսավարող սուբյեկտների մոտ նախատեսված  ստուգումներից 172-ը բաժին է ընկնում ավտոմոբիլային բենզինի, դիզելային վառելիքի և հեղուկացված ածխաջրածնային գազերի ոլորտներին։


«Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝այս մասին տեղեկացրեցին շուկայի վերահսկողության տեսչական մարմնից՝ անդրադառնալով ավտոմոբիլային բենզինի, դիզելային վառելիքի և հեղուկացված ածխաջրածնային գազերի ոլորտներում արձանագրված խախտումների համեմատական ցուցանիշներին, դրանց բնույթին ու նախատեսվող ստուգումների պարբերականությանը։  


Մասնավորապես, 2025 թվականի ստուգումների տարեկան ծրագրով ավտոմոբիլային բենզինի, դիզելային վառելիքի և հեղուկացված ածխաջրածնային գազերի ոլորտներում նախատեսվել էր ստուգումներ 79 տնտեսավարող սուբյեկտների մոտ, իսկ ընթացիկ տարում՝ 172։


Տեսչական մարմնի պարզաբանմամբ՝  նշված ոլորտներում նախատեսված ստուգումների քանակի աճը պայմանավորված է նախորդ տարում բացահայտված խախտումների բարձր տեսակարար կշռով, որը կազմում է ավելի քան 70 տոկոս։


Ստուգումների տարեկան ծրագրի կազմվելու գործընթացում, նախ՝ ՀՀ կառավարության 2019 թ. նոյեմբերի 14-ի համապատասխան որոշմամբ սահմանված կարգով գնահատվում է տնտեսվարող սուբյեկտների ընդհանուր ռիսկը։ Այն հաշվարկելուց հետո՝ վերջիններս դասակարգվում են ըստ ռիսկայնության աստիճանի նվազման։ Տարեկան ծրագիրը կազմվում է՝ հաշվի առնելով տնտեսավարող սուբյեկտների ռիսկայնությունը՝ բարձր, միջին, ցածր։ Ինչպես նշեցին տեսչական մարմնից, ավտոմոբիլային բենզինի, դիզելային վառելիքի և հեղուկացված ածխաջրածնային գազերի ոլորտներում 2026 թվականի ստուգումների տարեկան ծրագրով նախատեսված 172 տնտեսավարող սուբյեկտներից 151-ը (87.8%) դասակարգված են բարձր ռիսկայնության խմբում, իսկ մնացածը՝ միջին։


Անդրադառնալով վերջին երեք տարիներին ավտոմոբիլային բենզինի և դիզելային վառելիքի ոլորտներում ստուգումների արդյունքում արձանագրված խախտումների բնույթին ու ցուցանիշների հարաբերակցությանը՝ կառույցից հայտնեցին, որ, օրինակ, չափագիտական կանոնների և նորմերի մասով 2023 թվականին իրականացված 68 ստուգման արդյունքում հայտնաբերվել է 46 (67.6%) խախտում, 2024-ին՝ 87 ստուգումից՝ 39-ում է խախտում հայտնաբերվել (44.8%), իսկ անցած տարի՝ 46 ստուգումից 19-ում (41.3%)։ Արձանագրված խախտումների բնույթը հիմնականում վերաբերել է չստուգաչափված չափման միջոցների շահագործմանը։


Հեղուկացված ածխաջրածնային գազերի ոլորտում չափագիտական կանոնների և նորմերի մասով՝ 2023 թվականին իրականացված 56 ստուգմամբ՝ հայտնաբերվել է 32 խախտում (57.1%) , 2024-ին՝ 93 ստուգումից՝ 49 (52.7%) խախտում, իսկ անցած տարի՝ 67 ստուգումից 37-ում է խախտում հայտնաբերվել (55.2%)։


Արձանագրված խախտումների բնույթը հիմնականում վերաբերել է չստուգաչափված չափման միջոցների շահագործմանը, ինչը, ըստ տեսչական մարմնի, սպառողների համար կարող է հանգեցնել դրանց ոչ հավաստի արդյունքներով պայմանավորված բացասական հետևանքների։


Ինչ վերաբերում է ստուգումների արդյունքում ի հայտ եկած թերլիցքավորման դեպքերին, ապա մասնավորապես ավտոմոբիլային բենզինի, դիզելային վառելիքի ոլորտում դրանց թիվն անցած տարի 4-ն է եղել՝ 2024 թվականին արձանագրված 8-ի համեմատ, իսկ հեղուկացված ածխաջրածնային գազերի ոլորտում 6՝ նախորդ տարվա 18-ի փոխարեն։


Տեսչական մարմնից հավելեցին, որ 2026-ի ստուգումները դեռ ընթացքում են և եռամսյակային տեղեկատվությունը հայտնի կլինի եռամսյակին հաջորդող 2-րդ  ամսում։


Կառույցում բավարար են համարում կիրառվող վարչական և վերահսկողական միջոցառումները խախտումներ կատարած տնտեսավարող սուբյեկտների նկատմամբ՝ ընդգծելով, որ դրանք միտված են խախտումների վերացմանը, պատասխանատվության բարձրացմանը և օրենսդրության պահանջների պահպանման մակարդակի ապահովմանը։


Այնուամենայնիվ, այն հարցին, թե արդյոք հաշվետու այդ ոլորտներում եղել են տնտեսավարողներ, որոնց մոտ մեկից ավելի անգամ են խախտումներ գրանցվել, Շուկայի վերահսկողության տեսչական մարմնից  հաստատեցին, որ կան լիցքավորման կետեր, որտեղ խախտումները մեկից ավելի են եղել։ Օրինակ՝  2024 թվականին մեկ տնտեսվարող սուբյեկտ վարչական պատասխանատվության է ենթարկվել 3 անգամ, իսկ 2025 թվականին՝ 2։


Ինչ վերաբերում է խախտումների նկատմամբ միջոցառումները խստացնելու  վերաբերյալ նոր ծրագրերի կամ նախագծերի առկայության հարցին, ապա ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնից հավաստիացրեցին, որ կառույցը մշտապես հանդես է գալիս համապատասխան առաջարկներով։