Վրաստանում կանխվել է ուրանի և ռադիոակտիվ ցեզիումի վաճառքը. գործարքի արժեքը 3 մլն դոլար էր

Քութայիսում (Իմերեթի շրջան) երկու օտարերկրյա քաղաքացի են ձերբակալվել միջուկային նյութերի կարգին դասվող ուրանի, ինչպես նաև ռադիոակտիվ ցեզիում-137 նյութի գնման փորձի ժամանակ։ Գործարքի արժեքը կազմել է 3 միլիոն ԱՄՆ դոլար։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել են Վրաստանի Պետական անվտանգության ծառայությունից (ՊԱԾ)։


Վերջին մեկուկես օրվա ընթացքում իրականացված հատուկ գործողության շրջանակներում ընդհանուր առմամբ ձերբակալվել է 29 անձ, որոնք որպես մեղադրյալ են ներգրավված եղել 13 քրեական գործերով։ ՊԱԾ-ն ընդգծել է, որ վերոհիշյալ նյութերը կիրառվում են տարբեր հանցավոր, այդ թվում՝ ահաբեկչական նպատակներով։


Քննությամբ պարզվել է, որ ձերբակալված օտարերկրացիները վերջին շաբաթների ընթացքում պարբերաբար այցելել են Վրաստան և փորձել են կազմակերպել միջուկային ու ռադիոակտիվ նյութերի գնումն ու տեղափոխումը մեկ այլ երկիր։ Քրեական գործը հարուցվել է «Միջուկային նյութերի կամ սարքերի, ռադիոակտիվ թափոնների, ռադիոակտիվ նյութերի հետ ապօրինի վարվելը» հոդվածով։