2025 թվականի ավարտին գործազրկության մակարդակը Հայաստանուն նվազել է։ Ըստ Վիճակագրական տվյալների՝ այս ժամանակահատվածում գործազուրկների միջին թվաքանակը կազմել է 35 049 մարդ, ինչը 9.5%-ով պակաս է 2024 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշից (38 735 մարդ) ։ Չորրորդ եռամսյակի ընթացքում զգալիորեն աճել է աշխատանքի տեղավորված անձանց թիվը. եթե 2024-ի վերջին երեք ամիսներին աշխատանքի էր տեղավորվել 6 352 մարդ, ապա 2025-ի նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշը հասել է 9 889-ի՝ արձանագրելով 55.7% աճ ։
Դեկտեմբեր ամսվա վերջի դրությամբ աշխատանք փնտրողների ընդհանուր թիվը կազմել է 46 508 մարդ, որոնցից 32 974-ը ունեցել են գործազուրկի կարգավիճակ ։ Գործազուրկների կազմում շարունակում են մեծ տեսակարար կշիռ ունենալ կանայք՝ 71.5%։ Տարիքային բաշխվածությամբ ամենամեծ խումբը 35-44 տարեկաններն են (34.5%), իսկ երիտասարդները (16-29 տարեկան) կազմում են գրանցված գործազուրկների 15.3%-ը։ Կրթական մակարդակի տեսանկյունից գործազուրկների 61.7%-ը ունի միջնակարգ ընդհանուր կրթություն, մինչդեռ բարձրագույն կրթություն ունեցողների մասնաբաժինը կազմում է 10.3%։
Աշխատուժի պահանջարկը դեկտեմբերի վերջի դրությամբ կազմել է 2 577 թափուր աշխատատեղ, ինչը 3.7%-ով ավելի է նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ։ Պահանջարկի ճնշող մեծամասնությունը՝ շուրջ 91%-ը, բաժին է ընկնում ոչ պետական հատվածին։ Առավել պահանջված են մնում բանվորական մասնագիտությունները, հատկապես մշակող արդյունաբերության, առևտրի և սպասարկման ոլորտներում։ Մեկ թափուր աշխատատեղի ծանրաբեռնվածությունը (աշխատանք փնտրողների թիվը մեկ տեղի հաշվով) դեկտեմբերին կազմել է 18 մարդ՝ նախորդ տարվա 23-ի փոխարեն։
2025 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսների արդյունքներով միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 303 140 դրամ՝ 2024-ի համեմատ աճելով 5.6 տոկոսով։