«Հարավային Կովկասում արդեն խաղաղություն է հաստատվել». Ալիևը՝ Իրանի պաշտպանության նախարարին

Այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցության նախարար Ազիզ Նասիրզադեի գլխավորած պատվիրակությանը։


Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ հանդիպմանը Ալիևը ընդգծել է, որ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի՝ անցյալ տարի Ադրբեջան կատարած պաշտոնական այցը հաջող է անցել, և ձեռք են բերվել լավ արդյունքներ, որից հետո երկկողմ հարաբերությունները շարունակել են զարգանալ։


Ալիևը նշել է, որ աշխարհի շատ տարածաշրջաններում ներկայումս շարունակվում են պատերազմներն ու հակամարտությունները և հայտարարել է, որ «Ադրբեջանի նախաձեռնությամբ Հարավային Կովկասում արդեն խաղաղություն է հաստատվել»։


Նա վստահություն է հայտնել, որ սա նշանակություն ունի նաև Իրանի համար, որը սահմանակից է և՛ Ադրբեջանին, և՛ Հայաստանին։ Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ Բաքուն հանդես է գալիս հօգուտ խաղաղության ամբողջ աշխարհում և պատերազմի բացակայության, և ընդգծել է, որ «Ադրբեջանի օրինակով ցուցադրվում է պատերազմից խաղաղության անցման մոդել»։