ԱՄՆ քաղաքացիներին կոչ են արել անհապաղ լքել Իրանը

ԱՄՆ քաղաքացիները պետք է անհապաղ լքեն Իրանը. ամերիկացիները պետք է դիտարկեն Հայաստան կամ Թուրքիա ցամաքային ճանապարհով Իրանը լքելու հնարավորությունը: Այս մասին նախազգուշացրել է Իրանում ԱՄՆ վիրտուալ դեսպանատունը։


«Մշակեք Իրանից հեռանալու ծրագիր, որը կախված չի լինի ԱՄՆ կառավարության օգնությունից»,- ասվում է հաղորդագրության մեջ։


Դեսպանատունը նաև զգուշացրել է, որ ԱՄՆ քաղաքացիները Իրանում ենթարկվում են ձերբակալման բարձր ռիսկի, և ամերիկյան անձնագիր կամ ԱՄՆ-ի հետ կապեր ցուցադրելը ինքնին կարող է դառնալ կալանքի պատճառ։


«Եթե չեք կարողանում լքել տարածքը, փնտրեք անվտանգ տեղ ձեր տան ներսում կամ այլ անվտանգ շենքում։ Վերցրեք սննդի, ջրի, դեղորայքի և այլ անհրաժեշտ իրերի պաշար։ Խուսափեք երևալուց, ձեզ աննկատ պահեք և ուշադիր եղեք ձեր շրջապատի նկատմամբ»,- նշվում է հրապարակման մեջ։

Դեսպանատունը շեշտել է, որ ԱՄՆ կառավարությունը դիվանագիտական ​​կամ հյուպատոսական հարաբերություններ չունի Իրանի հետ։