Թուրքիայի հետ սահմանի բացման դեպքում կձևավորվեն նոր հնարավորություններ. Պապոյանը՝ գործարարներին և ներդրողներին

ունվարի 13-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում, նախարար Գևորգ Պապոյանի մասնակցությամբ, տեղի է ունեցել հանդիպում-քննարկում՝ ավելի քան երեք տասնյակ գործարարների և ներդրողների հետ։


Ինչպես հայտնել են նախարարությունից, հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը։


Նախարար Գևորգ Պապոյանը նշել է, որ ՀՀ Կառավարությունը հետևողականորեն առաջ է տանում սահմանների ապաշրջափակման օրակարգը և լիահույս է, որ Թուրքիայի հետ սահմանների բացման դեպքում կձևավորվեն նոր տնտեսական և լոգիստիկ հնարավորություններ։


«Մեզ համար շատ կարևոր է, որպեսզի սահմանամերձ հատվածներում ստեղծվեն որոշակի լոգիստիկ կարողություններ՝ մասնավորապես մաքսային պահեստներ, մաքսային տերմինալներ և լոգիստիկ կենտրոններ»,– ընդգծել է նախարարը։


Նա նաև անդրադարձել է պետական աջակցության այն գործիքակազմին, որոնցից կարող են օգտվել ընկերությունները՝ նման ծրագրերի իրականացման և ներդրումային նախաձեռնությունների զարգացման նպատակով։


Հանդիպման ընթացքում նախարար Գևորգ Պապոյանը պատասխանել է մասնակիցների հարցերին, ներկայացրել պարզաբանումներ և անդրադարձել գործարար համայնքին հուզող մի շարք թեմաների։