Ռուսաստանյան ագիտպրոպը Արցախի հանձնման օպերացիայից հետո անցել է է՛լ ավելի ցինիկ ու ցածրակարգ, այսպես ասած՝ «կացնային», եթե կուզեք՝ գեբելսյան ոճի հակաքարոզչությանը՝ Արցախում իր խաղաղապահ առաքելությունը կատարելապես ձախողելու մեղքը փորձելով բարդել բոլորի գլխին՝ Հայաստանի իշխանության, Արեւմուտքի, այլմոլորակայինների, բացի սեփական գլխից։ Եթե մի պահ ուշադիր չլինենք ռուսերենով խոսող Կրեմլի կատաղի պրոպագանդիստների ազգանուններին, մեզ կթվա, թե Ադրբեջանի պետական ալիքներով ռուսալեզու լսարանի համար նախատեսված հաղորդումներ ենք դիտում, որտեղ շարադրվող փաստերը, փաստարկները, դրանց վրա կառուցվող վերլուծություններն ու եզրակացությունները հանգում են մեկ կարեւոր ասելիքի՝ «Ալիեւ ճիշտ է, Ղարաբաղ բիզիմդիր, եւ հետեւապես՝ կեցցե Ալիեւը»։
Ճիշտ նույն տպավորությունը ստացած կլինեն բոլոր նրանք, ովքեր դեռ հետեւում են «Ռոսսիա 1»-ի եթերին, որով անցած կիրակի հեռարձակված «Շաբաթյա լուրեր»-ում հայտնի պրոպագանդիստ Դիմիտրի Կիսելյովը խրոխտ առոգանությամբ եւ «կայսերական վեհանձնությամբ» ազդարարեց Արցախի Հանրապետության վախճանի, այդ վախճանը Արցախի նախագահի կողմից «փաստաթղթավորելու» մասին։ Հայտնի քարոզչական «լաքեյն» այդ հայտարարությունն անում էր այնպես, կարծես հենց այդպես էլ պետք է լիներ, այլ կերպ չէր էլ կարող պատահհել եւ․․․վերջապես հաղթեց արդարությունը։ Տպավորություն էր, թե պարոն պրոպագանդիստը խոսում էր ոչ թե այն՝ թեկուզեւ չճանաչված պետության մասին, որտեղ իր երկիրը խաղաղապահ առաքելություն էր իրականացնում ու նոյեմբերի 9-ի փաստաթղթով մի շարք պարտավորություններ ստանձնել, այլ՝ աֆրիկյան ինչ-որ հեռավոր գաղութի, որտեղ իրենց՝ ռուսների «օրհնված ոտքը» դեռեւս չի դիպել, հետեւապես․․․․եղել է այն, ինչ եղել է։ Իսկ եղել է այն, որ «Արցախի անկախությունը չի ճանաչել ոչ մի երկիր, անգամ՝ Հայաստանը։ Այժմ, Արցախը հրաժարվում է ճանաչել ինքն իրեն»։ Ռուսական ագիտպրոպի համար Արցախը, պարզվեց, այլեւս «հայկական անկլավ» է Ադրբեջանի տարածքում, որտեղ Բաքուն, ըստ ռուսական ընկալմա, սեպտեմբերի 19-ին 23 ժամում իրականացրել է զինաթափում։ «Անօրինական զինված խմբավորումների կապիտուլյացիայից հետո, ըստ Բաքվի հետ ձեռք բերված պայմանավորվածության, զենքը, զինամթերքն ու ծանր տեխնիկան հանձնվեց իշխանություններին։ Ղարաբաղից Հայաստան սկսեցին ձգվել փախստականների ավտոշարասյուները։ Խաղաղապահներն իրենց հովանու ներքո վերցրին փախստականներին, կերակրեցին, տաքացրին, բժշկական օգնություն ցուցաբերեցին»,-աղեկտուր տոնայնությամբ ու խաղաղապահների մարդասիրական վարքը ցուցադրող կադրերի ուղեկցությամբ ազդարարում էր Կիսելյովը։ Արցախի մասին առաջին անգամ լսողներին կթվար, որ Արցախում 5 տարի ժամկետով տեղակայված էր ոչ թե խաղաղապահ զորակազմ՝ զինված համապատասխան զենք ու զրահով, այլ Մայր Թերեզայի անվան մարդասիրական առաքելությունը։ Խաղաղապահների հերոսական պայքարը հանուն արցախցիների համզիչ դարձնելւ համար Կիսելյոը որոշեց ցինիզմի ռեկորդ սահմանել՝ շահարկելով սեփական ազգակիցների արյունը, թե՝ Ադրբեջանի կողմից իրականացված զինաթափման օպերացիայի ժամանակ իրենց պարտականություններն իրացնելիս․․․․զոհվել է 5 «մերոնքական», իսկ ահա պարոն Ալիեւը ներողություն է խնդրել ադրբեջանական զինուժի «ոչ միտումնավոր» գործողությունների համար եւ խոստացել պատժել մեղավորներին։ Եւ ոչ մի խոսք այն մասին, թե ինչու է նույն պարոն Ալիեւը հերթական, որերորդ անգամ, քանիցս խախտել նոյեմբերի 9-ի հայտարարությունը, որի առաջին կետով ազդարարվում է հրադադարի մասին։ Ռուսական պետական հեռուստալիքի եթերում ցուցադրված Էժանագին, ցածրակարգ երեստվանքը նույնիսկ այսքանով չսահմանափակվեց եւ, ինչպես հարիր է կեղծ բարեպաշտներին, ցուցացդրվեց «այս ընթացքում» խաղաղապահների կողմից Արցախին ՌԴ-ի կողմից մատակարարված «հարյուրավոր տոննաների մարդասիրական օգնության» մասին՝ «ջրից սկսած մինչեւ սնունդ, տաք իրերից, դեղորայքից մինչեւ վառելիք»։ Մի խոսքով, խաղաղապահներն իրենց առաքելությունն, ըստ ագիտպրոպի, իրականացրին հոյակապ, անձնուրաց, 10 բալանոց սանդղակով գնահատելու դեպքում՝ 10+-ի։
Հ․ Մանուկյան