«Ռազմական Շենգեն» Եվրոպայում՝ ռուսական հնարավոր ագրեսիային հակազդելու նպատակով

Եվրախորհրդարանի (ԵԽ) տրանսպորտի և պաշտպանության հարցերով կոմիտեները պատրաստել են բանաձևի նախագիծ, որը կհեշտացնի ԵՄ տարածքում զորքերի ու ռազմական տեխնիկայի տեղաշարժը՝ ձևավորելով, այսպես կոչված, «ռազմական Շենգենյան գոտի»: Այս մասին ասվում է ԵԽ մամուլի հաղորդագրության մեջ։


Դրանում ընդգծվում է «ողջ Եվրոպայով մեկ զորքերի, տեխնիկայի և ակտիվների արագ միջսահմանային տեղաշարժը հեշտացնելու անհրաժեշտությունը՝ ապահովելու համար ռուսական հնարավոր ագրեսիային հակազդելու պատրաստականությունը»։


Սա «համաեվրոպական անվտանգության և պաշտպանության ապահովման կարևորագույն գործոն է, ինչպես նաև չափազանց կարևոր է արևելյան թևի, մասնավորապես՝ Բալթյան երկրների և Լեհաստանի անվտանգության համար»,- նշվում է մամուլի հաղորդագրության մեջ։


Պատգամավորներն առաջարկում են ապահովել արագ արձագանքման ուժերի կողմից ԵՄ ներքին սահմանները հատելու հնարավորություն՝ խաղաղ ժամանակ երեք օրվա ընթացքում, իսկ ճգնաժամային իրավիճակում՝ 24 ժամվա ընթացքում։


Նշվում է, որ ներկայումս վարչական, ֆինանսական և ենթակառուցվածքային խնդիրների պատճառով ԵՄ տարածքում ռազմական տեխնիկայի տեղաշարժը երբեմն կարող է տևել մեկ ամսից ավելի։