Ֆոն դեր Լայենը նոր հետախուզական կառույց է ստեղծում․ ի՞նչ դեր է այն ստանձնելու․ FT

Financial Times (FT) թերթը, հղում անելով չորս աղբյուրի, հայտնում է, որ Եվրահանձնաժողովը (ԵՀ) աշխատում է նոր հետախուզական կառույցի ստեղծման ուղղությամբ՝ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի ղեկավարությամբ։


Որոշումը կապված է Ռուսաստան-Ուկրաինա շարունակվող ռազմական կոնֆլիկտի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Եվրոպային աջակցությունը կրճատելու մասին նախազգուշացման հետ։


Նոր ստորաբաժանումը կձևավորվի հանձնաժողովի քարտուղարությունում։ Այնտեղ նախատեսվում է ներգրավել ԵՄ անդամ երկրների հետախուզական ծառայությունների աշխատակիցների՝ համատեղ տեղեկատվություն հավաքելու և վերլուծելու համար։


«ԵՄ անդամ երկրների անվտանգության ծառայությունները շատ բան գիտեն։ Հանձնաժողովը շատ բան գիտի։ Մեզ անհրաժեշտ է դա համատեղելու ավելի լավ միջոց՝ արդյունավետ և օգտակար լինելու համար»,- ասել է աղբյուրներից մեկը։


Նոր կառույցի ստեղծմանը դեմ են հանդես գալիս Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ներկայացուցիչները, որոնք վերահսկում են ԵՄ արտաքին հետախուզության մարմինը՝ Հետախուզական և իրավիճակային կենտրոնը (INTCEN)։


Նրանք մտավախություն ունեն, որ գործառույթները կկրկնվեն, և կվտանգվի INTCEN-ի գոյությունը։


Աղբյուրները նշում են, որ INTCEN-ի արդյունավետությունը վաղուց է կասկածի տակ դրվում, «հատկապես Ռուսաստանի հիբրիդային պատերազմին Եվրոպայի արձագանքման պայմաններում»։ (ՌԴ-ն, իր հերթին, հերքում է նման մեղադրանքները՝ հայտարարելով, որ հիբրիդային պատերազմն իր դեմ սանձազերծել է «հավաքական Արևմուտքը»)։


ԵՀ ներկայացուցիչը հաստատել է, որ քննարկվում է քարտուղարության կառուցվածքում «հատուկ խումբ» ստեղծելու տարբերակը՝ հետախուզական հնարավորություններն ամրապնդելու համար, որը սերտորեն կհամագործակցի Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության հետ։