Ուկրաինան և մի շարք երկրներ կարող են անդամակցել ԵՄ-ին մինչև 2030 թվականը. Կայա Կալլաս

Եվրամիության դիվանագիտական ծառայության ղեկավար Կայա Կալլասը հայտարարել է, որ նոր թեկնածու երկրները՝ ներառյալ Ուկրաինան, Ալբանիան, Մոլդովան և Չեռնոգորիան, կարող են միանալ Եվրամիությանը մինչև 2030 թվականը։ Այս մասին նա հայտնել է Բրյուսելում՝ ներկայացնելով ԵՄ ընդլայնման վերաբերյալ Եվրահանձնաժողովի տարեկան զեկույցը:


«Մենք կարծում ենք, որ իրատեսական նպատակ է՝ այս երկրները մինչև 2030 թվականը դառնան ԵՄ անդամներ», — նշել է Կալլասը՝ ընդգծելով, որ հենց այս չորս պետություններն ունեն միավորման լավագույն հեռանկարները։ Նրա խոսքով՝ Ուկրաինայի համար անդամակցությունը կարող է դառնալ անվտանգության կարևոր երաշխիք։


Ավելի վաղ Եվրահանձնաժողովի նույն զեկույցում նշվել էր, որ Ուկրաինայի բանտերում շարունակվում են խոշտանգումների դեպքերը, և ԵՄ-ի պահանջներին համապատասխանելու համար Կիևը պետք է իրականացնի լայնածավալ բարեփոխումներ պատժակատարողական համակարգում։ 


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր հերթին հայտարարել էր, որ երկիրը պատրաստ է բացել ԵՄ անդամակցության բանակցությունների առաջին, երկրորդ և վեցերորդ փուլերը։