Սուրբ ընտանիքի տաճարը (Սագրադա Ֆամիլիա), որն իսպանացի ճարտարապետ
Անտոնիո Գաուդիի ամենահայտնի ու ծավալային աշխատանքներից մեկն է, դարձել է աշխարհի
ամենաբարձր եկեղեցին այն բանից հետո, երբ աշխատողները դրա կենտրոնական աշտարակի վրա
են տեղադրել խաչի առաջին հատվածը։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
Իսպանական բազիլիկայի բարձրությունն այս պահին հասնում է
162,92 մետրի, իսկ առաջիկա ամիսներին խաչի մնացած հատվածի տեղադրումից հետո եկեղեցու
Հիսուս Քրիստոսի կենտրոնական աշտարակի բարձրությունը կհասնի 172 մետրի։
Այսպիսով, Սուրբ ընտանիքի տաճարը վերցրել է ամենաբարձր եկեղեցու
տիտղոսը Ուլմի տաճարից, որն այդ տիտղոսը կրել է 1890 թվականից ի վեր։
Սուրբ ընտանիքի տաճարի շինարարությունը սկսվել է 1882 թվականին.
հաջորդ տարի դրա նախագիծն իր ձեռքն է վերցրել Անտոնիո Գաուդին՝ նախնական նախագիծը վերածելով
ավելի հավակնոտ ծրագրի։ 1926 թվականին Գաուդիի անսպասելի մահվան պահին կառուցվել էր
նրա նախատեսած 18 աշտարակներից միայն մեկը։
Հաջորդ տարիներին եկեղեցու կառուցումն իրականացվել է Սագրադա Ֆամիլիա
հիմնադրամի կողմից, որը ֆինանսավորվում է զբոսաշրջիկների, այցելուների և մասնավոր դոնորների
տրամադրած գումարով։
Սեպտեմբերին Սագրադա Ֆամիլիայի գլխավոր տնօրենը The Associated
Press-ին հայտնել էր, որ Հիսուս Քրիստոսի աշտարակի կառուցումը կավարտվի 2026 թվականին՝
համընկնելով Գաուդիի մահվան 100-ամյակի հետ։
Դեկորատիվ տարրերի, քանդակների և շենքի գլխավոր մուտք տանող աստիճանի
վրա աշխատանքները կշարունակվեն դեռ տասը տարի։