Պուտինի և Թրամփի նախատեսված հանդիպումը լրացուցիչ հույս է ներշնչում․ Գերմանիայի կանցլեր

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև Բուդապեշտում նախատեսված հանդիպումը լրացուցիչ հույս է ներշնչում Ուկրաինայի հակամարտության կարգավորման համար։


Այս մասին Գերմանիայի կանցլերը ասել է Frankfurter Allgemeine Zeitung (FAZ) թերթին տված հարցազրույցում։


«Եթե Գազայի հակամարտության կարգավորման 20 կետանոց ծրագիրը դառնա Թրամփի նախագահության հաջողության մոդել, նա կշարունակի կենտրոնանալ Ուկրաինայի վրա և ձգտել այնտեղ հակամարտությանը վերջ դնելուն։ Բուդապեշտում նախատեսված հանդիպումն ավելի է ամրապնդում այս հույսը»,-նշել է Մերցը։ 


Ավելի վաղ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլը ողջունել էր Պուտինի և Թրամփի միջև Բուդապեշտում նախատեսված հանդիպումը։ 


ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հոկտեմբերի 16-ի երեկոյան անցկացրել էին տարեսկզբից ի վեր իրենց ութերորդ հեռախոսազրույցը։ Երկուսուկես ժամ տևած զրույցից հետո Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել էր, որ Մոսկվան և Վաշինգտոնը անմիջապես կսկսեն նախապատրաստական ​​աշխատանքները երկու առաջնորդների միջև նոր հանդիպման համար, որը կարող է տեղի ունենալ Բուդապեշտում։ 


Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն էլ հայտարարել էր, որ Հունգարիայում Ռուսաստանի և ԱՄՆ-ի գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները սկսվել են և ընթանում են ամբողջ թափով: