Ռուսաստանը միշտ հավատարիմ է եղել իր դաշնակցային պարտավորություններին, հարգել է հայկական պետականությունը և երբեք չի դրել ընտրության առաջ՝ մեզ հետ կամ մեր դեմ․ Համոզված ենք, որ երևանյան ղեկավարությունը մեծ սխալ է թույլ տալիս․ ՌԴ ԱԳՆ հայտարարությունը
ՌԴ արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձի հետ:

Դրանում մասնավորապես ասվում է, որ Հայաստանի Հանրապետության վարչապետ Ն. Վ. Փաշինյանի՝ 2023 թվականի սեպտեմբերի 24-ի անկախության մասին ուղերձը պարունակում է անընդունելի «հարձակումներ» Ռուսաստանի դեմ:

«Ակնհայտորեն փորձ է արվում իր վրայից գցել ներքին ու արտաքին քաղաքականության մեջ ձախողումների պատասխանատվությունը՝ մեղքը բարդելով Մոսկվայի վրա։

Ն. Վ. Փաշինյանի վերջին սենտենցիաները հաստատում են մեր ավելի վաղ եզրակացությունները, որ Արևմուտքից հրահրված և պաշտոնական Երևանի կողմից առաջ մղված՝ սեփական երկրի և մեր դաշնակցային հարաբերությունների համար ապակառուցողական գործընթացները կրում են ոչ թե էպիզոդիկ, այլ համակարգային բնույթ։

Կառավարության ղեկավարը, ըստ էության, խոստովանել է, որ այս ամբողջ ընթացքում հանրապետությունը միտումնավոր պատրաստում էին Ռուսաստանից երես դարձնելուն։ Իրենց քայլերը, որոնք կոչված են ստեղծելու Հայաստանի զարգացման նոր՝ արևմտյան վեկտոր, անհամոզիչ կերպով արդարացվում են Ռուսաստանի Դաշնության և ՀԱՊԿ-ի իբր սխալներով։ Միաժամանակ, մոռացության է տրվում, որ մեր պետությունները բազմաթիվ նման շահեր ունեն անվտանգության և զարգացման հարցերում, իսկ ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ի մյուս երկրներն իրենց առջև նպատակ են դրել ոչ միայն ռազմավարական վնաս հասցնել Ռուսաստանին, այլև ապակայունացնել մեր ընդհանուր եվրասիական տարածքը: 

Ռուսաստանը միշտ հավատարիմ է եղել իր դաշնակցային պարտավորություններին, հարգել է հայկական պետականությունը և երբեք հանրապետությունը չի դրել ընտրության առաջ՝ մեզ հետ կամ մեր դեմ։ Մոսկվան ցուցաբերել է և շարունակում է ցուցաբերել լայնածավալ օգնություն եղբայրական Հայաստանին անվտանգության, տնտեսության և մշակույթի ոլորտներում»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ, որում նաև հիշեցնում են 2020թ. պատերազմին «Ռուսաստանի և անձամբ Պուտինի ջանքերը Հայաստանի լիակատար պարտությունը թույլ չտալու» գործում: Հայտարարության մեջ կրկին ասվում է, որ եթե Նիկոլ Փաշինյանը հրադադարին համաձայւներ մի քանի շաբաթ ավելի շուտ, պարտությունն ավելի քիչ ծանր կլիներ:  

Անդրադառնալով ռուս խաղաղապահների գործունեությանը Լեռնային Ղարաբաղում՝ ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ ասվում է. «Վերջապես, ռուս խաղաղապահների անձնուրաց գործունեությունը Լեռնային Ղարաբաղում, երբեմն սեփական կյանքի գնով, ուղղակիորեն հաստատում է Ռուսաստանի պահպանվող հանձնառությունը՝ կատարել իր չափազանց դժվար առաքելությունը՝ ի շահ Ադրբեջանի և Հայաստանի ժողովուրդների միջև խաղաղության հասնելու, ինչի մասին Ն. Վ. Փաշինյանը նախընտրել է լռել»:
 
Այնուհետև նշվում է Հայաստանի հետ տնտեսական, ներդրումային, մշակութային և կրթական կապերի մասին:

«Տարածաշրջանային հարցերում Ն. Վ. Փաշինյանը 2020 թվականի նոյեմբերին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների ջենթլմենական համաձայնությանը հետևելու փոխարեն՝ թողնելու Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը գալիք սերունդներին, ենթարկվեց Արևմուտքի հորդորներին։ Պրահայում և Բրյուսելում նա որոշեց գործել 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա՝ ճանաչելով Ադրբեջանի ինքնիշխանությունը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ։ Դա սկզբունքորեն փոխեց պայմանները, որոնց դեպքում էր ստորագրվել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, ինչպես նաև ռուսական խաղաղապահ կոնտինգենտի վիճակը։

Հայաստանի ղեկավարության անհեռատեսության պատճառով հնարավոր չեղավ կյանքի կոչել Հայաստանի անվտանգության ամրապնդման ոլորտում մի շարք պայմանավորվածություններ, մասնավորապես, Ն. Վ. Փաշինյանը չստորագրեց վեց երկրների ԱԳ բոլոր նախարարների կողմից արդեն համաձայնեցված որոշումը՝ Ադրբեջանին սահմանակից հանրապետության շրջաններ ՀԱՊԿ դիտորդական առաքելություն ուղարկելու մասին»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ:

Ըստ այդ հայտարարության՝ իրավիճակը շիկացավ նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո շարունակվող պաշտոնական Երևանի կողմից ԼՂ-ում հայկական զինված կազմավորումների ներկայության ժխտմամբ, ինչը դարձավ վերջին սեպտեմբերյան էսկալացիայի հիմնական պատճառներից մեկը։   

«...Հատկանշական է նաև, որ Եվրամիության հովանու ներքո անցկացված վերոհիշյալ Պրահայի և Բրյուսելի հանդիպումներում Հայաստանի վարչապետը, ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, չի հիշել Ղարաբաղի հայերի իրավունքներն ու անվտանգությունը։ Այսօր ևս մենք պաշտոնական Երևանի կողմից խիստ շահագրգռվածություն չենք տեսնում ԼՂ-ում կենսական խնդիրների լուծմանն օգնելու հարցում. խոսքը հրադադարի ռեժիմի պահպանման, հումանիտար իրավիճակի բարելավման և Բաքվի ու Ստեփանակերտի միջև կայուն երկխոսության հաստատման համար բարենպաստ պայմանների ստեղծման մասին է»:

Անդրադառնալով այսօր Հայաստանում ընդդիմության կազմակերպած ցույցերին՝ ՌԴ ԱԳՆ-ն ըմբռնում է հայ հանրության դժգոհությունը, և պնդումները, որ դրանք հրահրվում են Ռուսաստանի կողմից, համարում է իրականությանը չհամապատասխանող. «Հայաստանի կառավարության ղեկավարին պետք է հայտնի լիներ, որ Մոսկվան նման բաներով չի զբաղվում՝ ի տարբերությոսւն Արևմուտքի»: 

«Համոզված ենք, որ երևանյան ղեկավարությունը մեծ սխալ է թույլ տալիս՝ գիտակցաբար փորձելով փլուզել Ռուսաստանի հետ Հայաստանի բազմակողմ և բազմադարյա կապերը և երկիրը պատանդ դարձնելով Արևմուտքի աշխարհաքաղաքական խաղերին: Վստահ ենք, որ սա գիտակցում է հայ բնակչության ճնշող մեծամասնությունը»,- եզրափակվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ: