Երբ շինարարության տեմպերն ակտիվացան, զարմանքով արձանագրեցինք, որ Հայաստանում քարի դեֆիցիտ կա. Փաշինյան

Հայաստանը քարերի երկիր է, սակայն երկրում քարի դեֆիցիտ ունենք, ներկրում ենք։ Այդ մասին այսօր Ծաղկաձորում  հանքարդյունաբերության ֆորումի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 


 Ըստ վարչապետի՝ ֆորումը լավ հարթակ է ոլորտի խնդիրները, հնարավորություններն ու մարտահրավերները վեր հանելու, ինչպես նաև քննարկելու համար։ 


«Հանքարդյունաբերություն ասելով՝ հիմնականում հասկանում ենք մետաղական հանքերի շահագործումը, որովհետև ոլորտի 95 և ավելի տոկոսը վերաբերում է հենց մետաղական հանքերի շահագործմանը, բայց իրականում այս իրողության մեջ էլ խնդիրներ կան»,- ասաց նա՝ միաժամանակ ընդգծելով, որ կառավարությունը լրջագույն խնդիրների է բախվում հատկապես ոչ մետաղական հանքերի շահագործման ոլորտում։


«Երբ Հայաստանում շինարարության տեմպերն ակտիվացան, մենք զարմանքով արձանագրեցինք, որ Հայաստանում քարի դեֆիցիտ կա այն դեպքում, երբ Հայաստանի մասին խոսելիս ամեն երրորդ նախադասության մեջ ասում ենք՝ քարերի երկիր Հայաստանը։


Բայց հետո պարզվեց, որ մենք մեր համայնքներում սուբվենցիոն ծրագրեր իրականացնելու համար քար ենք ներկրում Հայաստան։ Սա ցույց է տալիս, որ մենք խնդիրներ ունենք։ 


Հանքարդյունաբերության մեջ մետաղական հանքերի շահագործման 95 տոկոսը՝ ավելացված արժեքի, կշռի մասով գուցե ինչ-որ տեղ հասկանալի է, բայց ես կարծում եմ, որ մասնավորապես քարի մշակման և արդյունահանման ոլորտում անելիքներ ունենք, որովհետև դա առաջին հերթին մեր տնտեսության պոտենցիալն է, երկրորդը՝ մեր երկրի կոլորիտը մեր երկրում ներկայացնելու հնարավորությունն է, ինչը մենք այդքան էլ լավ չենք անում»,- ասաց նա։