Պտուղ-բանջարեղենի և ծաղկի արտահանման աճ ենք ունեցել․ Պապոյանը թվեր հրապարակեց

Այսօր Հայաստանում կա 1500 հեկտար ջերմոց և ջերմատուն, որից ժամանակակից տեխնոլոգիաներով են ավելի քան 300 հեկտարը: Ջերմոցների և ջերմատների հիմնական մասը՝ 1000 հեկտարը, Արմավիրի մարզում է, 272-ը՝ Արարատի մարզում, 145-ը՝ Կոտայքի մարզում: Այդ մասին Կառավարության՝ հոկտեմբերի 2-ի նիստին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:


Նախարարը ներկայացրեց նաև արտահանման մասով տվյալները:


«ՀՀ-ից արտահանվող բանջարեղենի գրեթե 100 տոկոսը ջերմոցների և ջերմատների արտադրանք է, այսինքն՝ եթե ոչ ջերմոցի կամ ջերմատան է, ապա գրեթե չի արտահանվում, քանի որ դրանք արտահանման համար հետաքրքիր արժեք չունեն:


Սեպտեմբերի 29-ի դրությամբ այս տարի արտահանել ենք 121 հազար 800 տոննա պտուղ-բանջարեղեն: Նախորդ տարի այս նույն ժամանակահատվածում 108 հազար 600 տոննա ենք արտահանել, այսինքն՝ այս տարի արտահանել ենք 13,6 հազար տոննա կամ 12 տոկոսով շատ: Մասնավորապես՝ 1000 տոննա լոլիկ ենք ավելի արտահանել անցած տարվա համեմատ, 8 տոկոս է աճը: 4,5 հազար տոննայով ավելի պղպեղ ենք արտահանել, 59 տոկոս է աճը: Սմբուկը 800 տոննայով ենք ավելի արտահանել, 80 տոկոս է աճը»,- ասաց նա:


Ծաղիկը ևս արտահանման աճ է ունեցել. ըստ այդմ՝ 3,1 մլն հատով ավելի է արտահանվել, աճը՝ 5,3 տոկոս, իսկ 800 տոննայով արտահանման դեպքում աճը եղել է 160 տոկոս: